Տեղական արտադրության սիգարետի վերջին տարիներին արձանագրված թանկացումները կապված չեն եղել սիգարետի արտադրության շահութաբերությունն ավելացնելու հետ: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայրենական արտադրության սիգարետի թանկացումները կապված են եղել հարկային քաղաքականության հետ և ուղիղ համեմատական են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը: Ակցիզային դրույքաչափերի բարձրացումները կապված են նաև ԵԱՏՄ շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորությունների հետ: Տեղական արտադրության սիգարետները դեռ շարունակելու են թանկանալ, կապված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ: Այս աղյուսակում ներկայացված է դրույքաչափերի աճի դինամիկան մինչև 2021թ. ներառյալ:
Հայաստանում տեղական արտադրության սիգարետը սկսեց թանկանալ դեռեւս մի քանի տարի առաջ, երբ սիգարետի ակցիզային հարկի համար սկսեցին գործել նոր դրույքաչափեր: Ըստ հարկային նոր քաղաքականության տրամաբանության պետությունը սիգարետի ակցիզային հարկի բարձրացումով, նպաստում էր տեղական արտադրության սիգարետի թանկացմանը՝ այդպիսով փորձելով նաեւ պայքարել ծխելու դեմ: Ըստ այդ հարկային քաղաքականության սիգարետի ակցիզային հարկը յուրաքանչյուր տարի աստիճանաբար պետք է բարձրանա: Առաջին թանկացումն արձանագրվեց 2014 թվականի հունվարի մեկին: Այն ժամանակ տեղական մեկ տուփ ֆիլտրով սիգարետի համար ակցիզային հարկի դրույքաչափը դարձավ 100 դրամ: Ակցիզային հարկի դրույքաչափի վերջին բարձրացումը նախատեսված է 2021 թվականին՝ մեկ տուփ սիգարետի ակցիզային հարկը կդառնա 221.4 դրամ:
Հայ սպառողը պետք է պատրաստ լինի սպասվող օրենսդրությամբ պայմանավորված գնաճին: Այնպես որ, բոլորին մաղթում ենք շուտափույթ թողնել ծխելը: