Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կարգավորման պայմանները մեր երազած տարբերակը չէ. Սերժ Սարգսյան

Ապրիլ 16,2018 13:05

Արցախի հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը Հայաստանի համար լավագույն տարբերակը չէ: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում:

«Իրականում արդեն 30 տարի շարունակվում է խնդրի ակտիվ փուլը, բայց այն եղել է նաև նախկինում: 30-ից 25 տարին ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: 1994թ. Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց կրակի դադարեցման մասին եռակողմ անժամկետ համաձայնագիր: Ցավոք, սկսած 2014թ-ից՝ գրեթե ամեն օր Ադրբեջանի կողմից խախտվում է կրակի դադարեցման ռեժիմը:

2016թ. ապրիլին, տապալելով բանակցությունները, ադրբեջանական կողմը ուխտադրուժ կերպով խախտելով պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, լայնածավալ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ մեծ թվով ավիացիայի, զրահատեխնիկայի, խոշոր տրամաչափի հրետանու, հրթիռային համակարգերի, հրանետային համակարգերի օգնությամբ, մեծ մասը, ի դեպ, ձեռք բերված Ռուսաստանից: Բայց նրանց չհաջողվեց լուծել քիչ-թե շատ լուրջ առաջադրանք, և 5-րդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպեցին և պայմանավորվեցին վերականգնել նախկինում ստորագրված պայմանագրի պայմանները: Դրանից հետո տեղի ունեցան մի քանի գագաթնաժողովներ, որտեղ պայմանավորվեցինք ստեղծել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները քննելու մեխանիզմներ և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ու լիազորությունները: Բայց ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվեց իրականացնել այդ պարտավորությունները:

Դեռ 2007թ. Մինսկի խումբն առաջարկել էր հարցը լուծել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, ինչպես նաև տարածքային ամբողջականություն: Մեր կարծիքով՝ դա փոխզիջումների հավասարակշռված փաթեթ է: Դա այն չէ, ինչի մասին մենք երազում էինք: Դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Բայց հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների ճանապարհով, մենք համաձայնվեցին բանակցությունների: Եվ, պարզվեց, որ 2011թ. Կազանում մենք մոտ էինք ստորագրմանը: Բայց Բաքուն առաջ քաշեց լրացուցիչ պահանջներ, և ստորագրումը չկայացավ:

Ադրբեջանի ղեկավարության մոտ այնպիսի պատրանք կա, որ փոխզիջումը պետք է լինի միայն Հայաստանի և Արցախի կողմից: Եվ միայն այդ պատճառով է, որ ստատուս-քվոն չի փոխվում: Բայց այստեղ պետք է լինի փոխզիջում՝ որպես ընդառաջ: Ադրբեջանցիները դեռ հույս ունեն խնդիրը լուծել ուժային ճանապարհով: Փորձը ցույց է տվել, որ և՛ 1990-ականների սկզբին, և՛ 2016թ., դա հնարավոր չի եղել: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, բայց, միևնույն է, իրավիճակը չի փոխվի: Միևնույն է, վաղ թե ուշ մենք պետք է ինչ-որ լուծման գանք: Բայց որքան շուտ, այնքան լավ:

Իսկ Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է: Այո՛, այն փոքր երկիր է, բայց դա դեռ հիմք չէ, որպեսզի ասենք՝ դուք ազատ կյանքի իրավունք չունեք: Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներով և կապրեն այնտեղ: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, շատ բան են անում հարցի կարգավորման համար: Նախագահների մակարդակով արվել է 5 հայտարարություն, և նրանք բոլորն ասում են, որ հարցը կարող է լուծվել միայն այդ երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն անբաժան են: Եվ դա շատ կարևոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30