Հայտնի երգիչ Շարա Տալյանի թոռնուհին` Ռուզաննա Բաբաջանյանը, կրկին կանգառում է գիշերում: Նա փողոցներում է արդեն 4-5 տարի: Իրերը տոպրակները լցրած մեծահասակ այս կինը 24 ժամ նստած է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող այս կանգառասրահում: Ասում է` ծնողներից ժառանգած կենտրոնի իր բնակարանը ազգականները խաբեությամբ ձեռքից խլել են: Մի օր պարզել է՝ իբր բնակարանը նրանց նվեր է տվել: Տունը վերադարձնելու համար դիմել է արդարադատությանը, սակայն դատ-դատաստաններն այնքան են ձգում, մինչեւ որ տիկին Ռուզաննան կյանքին հրաժեշտ տա: Նրան կերակրում, հացուջուր են բերում անծանոթները:
Տիկին Ռուզաննայի «նստավայրից» քիչ այն կողմ սոցիալական ու արդարադատության ոլորտների պատասխանատու նախարարների նստավայրերն են, որոնց ընդունած ու բարեփոխած որոշումները ոչ մի կերպ չեն բարելավում Ռուզաննա Բաբաջանյանի եւ նրա պես փողոցներում, անցումներում ու այգիներում գիշերող ՀՀ քաղաքացիների կյանքը:
Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
14.04.2018