Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռունցքին՝ բռունցք». Ռուստամյանը չի բացառում, որ վաղը ցուցարարներին կապտակի

Ապրիլ 16,2018 12:35

«Իրենք համարում են, որ իրենց նպատակն այնքան արդար է, որ բոլոր միջոցներն արդարացված են: Բայց նպատակը չի արդարացնում միջոցները»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու դեմ ուղղված ցույցերին, որոնք ղեկավարում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Փաշինյանը նախատեսում է վաղը շրջափակել ԱԺ շենքը, որպեսզի պատգամավորերը մուտք չգործեն եւ չքվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, հնարավո՞ր է քվեարկության վայրը փոխվի:

Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ընտրության վայրը փոխելը պետք է ԱԺ որոշմամբ տեղի ունենա: Ես տեղյակ չեմ նման որոշման նախագծից: Նման որոշում կայացնելու համար նախ պետք է ԱԺ-ն հավաքվի: Չեմ կարծում, թե պետք է վայրը փոխել, ի՞նչ տարբերություն՝ այստե՞ղ շրջափակել, թե մեկ այլ վայրում: Իմաստը ո՞րն է վայրը փոխելու: Ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ նիստերի գումարմանը: Գրեթե անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա: Ամեն ինչ անելու եմ, որ խոչընդոտները հաղթահարեմ, չէ՞ որ ապօրինի մեթոդներով են խոչընդոտելու իմ մուտքը: Եթե մեկը գա ձեզ փողոցում ապտակի, դուք ի՞նչ կանեք: Ենթադրում եմ, որ ես առնվազն կապտակեմ…Ստացվում է, որ ե՞ս եմ ապտակել, ոչ: Նա ապտակել է, ու պատասխան ստացել: Ապտակին ապտակ, բռունցքին՝ բռունցք: Այլ տարբերակ չկա»:

Ապա Ռուստամյանը կոչ հղեց Նիկոլ Փաշինյանին եւ նրա համախոհներին. «Հենց առաջին գումարման օրը շրջափակեիք ԱԺ-ն, եթե համարում էիք, որ ԱԺ-ն լեգիտիմ չէ: Այդ ո՞նց որոշեցին, որ ժողովուրդը իշխանությունը տվել է իրենց»:

Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀԿ-ականներն իրենց խորհրդի նիստը «փախուստի մարտավարությամբ» իրականացրին Ծաղկաձորում, որտեղ որոշեցին առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Արմեն Ռուստամյանը հարցադրում արեց. «Ինչո՞ւ պետք է անպայման ամեն ինչ Երեւանում տեղի ունենար: Լրագրողները տեղյակ եղել են, թե ոչ, այլ խնդիր է, բայց դա փախուստ անվանելը…պետք չէ մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հանդարտէ բէ՜, Արմեն… ապտակել-մապտակել, դա քու գո՛րծը չի… ոստիկանները պէտք եղածը կը կատարեն… դուն ներս մտիր, քուէդ տուր, ու վերջ… «…, կարավանը կ’անցնի »

  2. Nairi Urartatsi says:

    Պարոն, դու իսկապես դաշնակցական ես, թե՝ թյուրիմացաբար ես նրանց շարքերում:
    Շարմազանովին տվիր անցար՝ ՀՅԴ-ն շփոթել ես ՀՀԿ-ի հետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30