Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետն ու նրա եղբայրն ունեզրկել են

Ապրիլ 16,2018 15:30

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի
եղբայրը դատարաններում արդարություն կփնտրի

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, ունեզրկել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանին: Գեւորգ Գեւորգյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ՝ լուսահոգի Սամվել Գեւորգյանի եղբայրն է:

2000 թվականին Գեւորգ Գեւորգյանը հիմնադրում է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվում: ՍՊԸ-ի բոլոր փաստաթղթերը նոտարական վավերացմամբ են: 2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում կապիտալ ներդրումներ են արվում, ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր են կառուցվում: Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ՝ սկսում են նաեւ խնդիրներ առաջանալ: 2006-ի դեկտեմբեր ամսին «Ավազահատիկ» ՍՊԸ-ին արգելվում է հանքը աշխատեցնել՝ պատճառաբանելով, թե հողի կատեգորիան չի համապատասխանում ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը դիմում է գյուղապետարան՝ սահմանված կարգով հողի կատեգորիայի փոփոխություն կատարելու եւ ՍՊԸ-ի գործունեությանը համապատասխանեցնելու համար: Հարցն ընթացք չի ստանում: Իսկ 2007 թվականի հուլիսի 10-ին Նորամարգի գյուղապետի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ ընկերության վարձակալած հողը գյուղատնտեսական նշանակություն չունի:

Արգելվում է ՍՊԸ-ի աշխատակիցներին սահմանային ուղեկալի անցաթղթեր տրամադրել՝ հանքի տարածք մուտք գործելու համար: ՍՊԸ-ի տնօրենի՝ անցաթղթեր տրամադրելու դիմումին ՀՀ ԱԱԾ-ից 2008 թվականի հուլիսի 9-ին պատասխանում են, որ անցաթղթերը կտրամադրվեն միայն օգտագործվող հողատարածքի կատեգորիայի նշանակության փոփոխությունից հետո: Իսկ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության պատասխանում ասվում է, որ անցաթղթերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցված է Արարատի մարզպետի համապատասխան գրության հիման վրա: ՍՊԸ-ի ղեկավարությունը դիմում է Նորամարգ համայնքի ղեկավարին՝ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու ՍՊԸ-ի զբաղեցրած 5 հեկտար հողի կատեգորիան փոխելու եւ ՍՊԸ-ի գործունեությանը համապատասխանեցնելու համար: Դիմումը մնում է «օդից կախ» վիճակում: Սակայն Գեւորգ Գեւորգյանը համարում է, որ այդ պատճառաբանությունն արհեստական էր:

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը խոչընդոտելու մեջ Գեւորգ Գեւորգյանը մեղադրում է այն ժամանակ դեռ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին: Նրանց իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ այն ժամանակ Արարատի մարզպետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Բանն այն է, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացվում էր սահմանային 3-րդ ուղեկալում, իսկ Աբրահամյանների ընտանիքին պատկանող եւ դարձյալ հանքարդյունաբերությամբ զբաղվող «Հովհան» ՍՊԸ-ն տեղակայված էր հարեւան 4-րդ ուղեկալում: Գեւորգ Գեւորգյանն ասում է, որ Աբրահամյանները նպատակ ունեին միավորել երկու հանքերը՝ իբրեւ իրենց սեփականություն, այդ պատճառով էլ արհեստական խոչընդոտներ էին ստեղծում: Խնդիրն այն ժամանակ հանգուցալուծվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջամտությամբ. վարչապետն իր մոտ է հրավիրում Ալիկ Սարգսյանին եւ հանձնարարում՝ վերջ տալ ապօրինությանը: Դրանից հետո «Ավազահատիկ» ՍՊԸ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը: Այնուհետ ՍՊԸ-ի գործունեության կասեցման քաղաքական դրդապատճառներ են առաջ գալիս. 2007 թվականի աշնանը, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008-ի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, նրա համախոհների նկատմամբ ճնշումներ գործադրվեցին: Իսկ Գեւորգ Գեւորգյանը ՀԱԿ-ի Մասիսի մասնաճյուղի նախընտրական շտաբի պետն էր, թեեւ Գեւորգ Գեւորգյանը հարցն այդքան էլ քաղաքական համատեքստում չի դիտարկում: Ասում է՝ պարզապես հարմար պահ էր ունեզրկման ընդհատված գործընթացը շարունակելու համար: 2007-ի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի հարկայինի օպերատիվ աշխատակիցները ներխուժում են ՍՊԸ-ի տարածք եւ ստուգումներ են իրականացնում: Խախտումներ են հայտնաբերվում, երկու միլիոն դրամի տուգանք է նշանակվում: Տուգանքը վճարվում է: Նոյեմբերի 10-ին հարկային տեսուչների ավելի մեծ խումբ է «հյուր գալիս»: Նորամարգ համայնքի ղեկավարությունն առանց որեւէ հիմքի «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագիրը կասեցնելու որոշում է կայացնում: Ավելի ուշ ապօրինությունը շտկելու համար համայնքի ղեկավարությանը հրահանգ է իջեցվում՝ դատական կարգով չեղյալ համարել վարձակալության պայմանագիրը: ՍՊԸ-ի ղեկավարությունն էլ իր հերթին է դիմում վարչական դատարան եւ շահում է դատը: Դա չի օգնում, որ ՍՊԸ-ի բնականոն գործունեությունը վերականգնվի:

Մարզպետարանը նորից հողի կատեգորիայի անհամապատասխանության խնդիրն է առաջ բերում: Ընկերությունն այդ ընթացքում շարունակում է դատական ատյաններում արդարություն փնտրել, բայց չի գտնում: Գեւորգ Գեւորգյանն ասում է՝ զանգեր են եղել, այլապես փաստերն իրենց օգտին էին, վճիռն էլ պետք է այդ տրամաբանության մեջ լիներ: Այդ ընթացքում Գեւորգ Գեւորգյանը նաեւ տարբեր ճանապարհներով փորձում է Հովիկ Աբրահամյանից եւ Ալիկ Սարգսյանից պատասխաններ ստանալ, թե ինչու են խոչընդոտում ՍՊԸ-ի աշխատանքներին: Վերջիններս մեղքը մեկը մյուսի վրա են բարդում: Հովիկ Աբրահամյանը պատճառաբանում է, թե դա Ռոբերտ Քոչարյանի հրահանգն է եղել: Ապա այդ ժամանակ արդեն նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը խնդրի լուծման այսպիսի տարբերակ է առաջարկում Գեւորգ Գեւորգյանին՝ բաժնեմասի 30 տոկոսն իրեն տրամադրել, 30-ը՝ Ալիկ Սարգսյանին, 40-նն էլ անձամբ տնօրինել: 2008-ի հուլիս ամսին այս տարբերակով գործունեությունը շարունակելու առաջարկին Գեւորգ Գեւորգյանը համաձայնում է, բայց բնականոն աշխատանքը տեւում է 2-3 ամիս: Սակայն այժմ էլ, այսպես ասած, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս. Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, ցանկանում է անձամբ վերահսկել ողջ գործընթացը եւ արգելում է Գեւորգ Գեւորգյանի ներկայացուցչի մուտքը հանքի տարածք: Գեւորգ Գեւորգյանը փորձում է ոչ թե ներկայացուցչի միջոցով, այլ անձամբ հետեւել աշխատանքներին: Ջոնիկ Աբրահամյանի հրահանգով ուղեկալը փակվում է՝ պատճառաբանելով, թե լրտես է փախել: Ապա մյուս բաժնետիրոջ՝ Ալիկ Սարգսյանի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի միջոցով Գեւորգ Գեւորգյանին տեղեկացնում են, որ հանքավայրում ինքն անելիք չունի, պետք է հեռանա, այլապես ուղեկալը կփակեն եւ չեն բացի: «Գնա, ինչ կտան՝ կտան»,- Գեւորգ Գեւորգյանին հորդորում է Անդրանիկ Սարգսյանը: Գեւորգ Գեւորգյանը պատմում է, որ այդ ընթացքում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի տարածքի մի մասում եւ ՍՊԸ-ին պատկանող տեխնիկայով Ջոնիկ Աբրահամյանը հանույթ էր հանում, բայց իրենց ասում էր, թե դա իրենց պատկանող «Հովհան» ՍՊԸ-ի տարածքն է: Միայն մի փոքր հատվածի հանույթից ստացված շահույթն էր երեք մասի բաժանվում: Ի վերջո, հանքը փակվում է:

Այժմ Գեւորգ Գեւորգյանը փորձում է վերականգնել արդարությունը դատական կարգով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

14.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30