Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը ՊԵԿ-ում էլ է խախտումներ գտել

Ապրիլ 16,2018 15:00

ՎՊ-ն, սակայն, չի կարողացել ստուգել «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցակետերի արդիականացման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը

Վերահսկիչ պալատը Պետական եկամուտների կոմիտեին էլ է ստուգել ու ոլորտում խախտումներ հայտնաբերել: Ի տարբերություն մի շարք այլ գերատեսչությունների, որոնք իրենց ոլորտում հայտնաբերված թերությունների մասով ներկայացրել են պարզաբանումներ, ՊԵԿ-ի ղեկավարը ստորագրել է ՎՊ-ի փաստաթուղթը առանց առարկությունների: Այսպես` ՎՊ-ն կոմիտեի 2017 թվականի գործունեությունը ստուգելու ժամանակ հայտնաբերել է, որ այս գերատեսչությունը որպես վարչական մարմին չի վարել վարչական գործերի ժամանակագրական եւ առարկայական հաշվառման գրանցամատյաններ, ինչպես նաեւ վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման առանձին գրանցամատյաններ:

ՊԵԿ-ը նաեւ թերացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ապրանքների ու ծառայությունների գնումների գործընթացում: ՎՊ-ն պարզել է, որ ՏՏ ապրանքների ու ծառայությունների գնման նախահաշիվները կազմվել են առանց մանրամասն հաշվարկների: Այդ ապրանքների համար կնքված պայմանագիրը եղել է 4 միլիարդ 283,6 միլիոն դրամի: Պալատը նաեւ խախտումներ է գտել ՌԴ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված ակտիվների հաշվառման վերաբերյալ ներկայացված տվյալներում: Ըստ ՎՊ-ի՝ այդտեղ էլ առկա են անճշտություններ ու անհամապատասխանություններ:

Ըստ պալատի՝ մաքսային ծառայությունների համար մոնիթորինգի նպատակով 2017 թվականի ապրիլին մատակարարված թվով 224 հատ «Bosch» մակնիշի տեսախցիկից 36 հատը պահեստավորված է, եւ հետագա ճակատագիրը հայտնի չէ:
ՊԵԿ-ը զովացման համակարգերի ձեռք բերման, տեղադրման եւ վերամոնտաժման նպատակով իրականացրել է 92 միլիոն դրամի գնում: Ըստ ՎՊ-ի՝ քանի որ տեղադրման կարգաբերման եւ վերամոնտաժման աշխատանքների նախահաշիվ չի կազմվել, հստակ չեն տեղադրման, կարգաբերման եւ վերամոնտաժման աշխատանքներից յուրաքանչյուրի չափաբաժինը եւ շրջանակը:

Մեկ այլ դեպքում էլ պետական բյուջեի միջոցներով «Էյ-Էմ-Փի-Ջի գրուպ» ՍՊԸ-ից ձեռք են բերվել ակցիզային դրոշմանիշներ եւ դրոշմապիտակներ` հաշվի չառնելով ՊԵԿ-ում առկա մնացորդները: Արդյունքում մեծ քանակությամբ մնացորդի առկայության պարագայում պարբերաբար ձեռք են բերվել հավելյալ ակցիզային դրոշմանիշներ եւ դրոշմապիտակներ:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա են եղել 1 միլիոն 286 հազար հատ դրոշմապիտակ եւ 273.7 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, այդուհանդերձ, նույն տարում կրկին ձեռք են բերվել 834,5 միլիոն հատ դրոշմապիտակ եւ 277.2 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ: Նույն թվականին ելքագրվել են ընդամենը 730.1 միլիոն հատ դրոշմապիտակ եւ 283.9 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ:

2017 թվականի հունվարի մեկի դրությամբ առկա է եղել մնացորդ` 1.171.9 միլիոն հատ դրոշմանիշ եւ 220 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, սակայն նույն տարում ձեռք է բերվել լրացուցիչ 332.8 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, իսկ դրոշմապիտակ ձեռք չի բերվել: Անցյալ տարվա հունվարի 1-ից նոյեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում ելքագրվել է ընդամենը 650.8 միլիոն հատ դրոշմապիտակ եւ 332.7 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ:

ՎՊ-ն նաեւ մտահոգություն է հայտնել, որ մաքսային ծառայությունների համար էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգը մատակարարվել էր 2017 թվականի ապրիլին, սակայն 2017-ի դեկտեմբերի դրությամբ դեռեւս գործարկված չի եղել:
Պալատը ՊԵԿ-ի գործունեությունում թերություն է համարում նաեւ այն, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար չի վարել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցամատյան, ինչը պահանջվում է ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ: Բացի այդ, ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների տվյալները տեղադրված չեն հարկային մարմնի ինտերնետային կայքում, ինչը նույնպես ՀՀ կառավարության պահանջն է:

ՎՊ-ն նաեւ հրապարակած փաստաթղթում նշել է, որ վերահսկողության ժամանակահատվածում հնարավոր չի եղել ստուգել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցակետերի արդիականացման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացումը եւ տրամադրել եզրակացություններ: Թե ինչու պալատը նման հնարավորություն չի ունեցել, փաստաթղթում չի մանրամասնվում:
ՎՊ-ն իր հաշվետվությունում մի ուշագրավ ցուցանիշ էլ է հրապարակել, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները ամենաշատը լուծարվել են կամ, ինչպես փաստաթղթում է նշված, «մահացել» են 2017 թվականին: Եթե 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ լուծարված սուբյեկտների թիվը կազմել է 128 հազար 202, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ` 129 հազար 822: Իսկ անցյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ 131 հազար 101 տնտեսվարող սուբյեկտ է գործունեությունը դադարեցրել: Իսկ արդեն տարեվերջին «մահացած» սուբյեկտների թիվը հասել է 158 հազար 538-ի:
Վերահսկիչ պալատին ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարողների ընդհանուր թիվը կազմել է 307 հազար 567 սուբյեկտ, 2016-ի հունվարի մեկի դրությամբ` 330 հազար 797 սուբյեկտ: 2017 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտների թիվը մեր երկրում եղել է 352 հազար 158, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 374 հազար 735 տնտեսվարող սուբյեկտ ենք մեր երկրում ունեցել:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ տնտեսվարող սուբյեկտները ամենաշատը փակվել են 2017 թվականին:

Ի դեպ, երբ փակվող տնտեսվարողների թվաքանակի մասին հարցեր են ուղղվում մեր երկրի ֆինանսական, բիզնեսի ոլորտների պատասխանատուներին, ասում են` շատ բացվում են, հետեւաբար շատ էլ փակվում են, սակայն ինչպես տեղեկանում ենք ներկայացված վիճակագրությունից, բացվող բիզնեսների թիվն էական աճ չի տվել, բայց փակվողներ շատ են եղել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30