Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դուր գալ շրջապատին-5

Ապրիլ 16,2018 14:00

Մարդկանց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ պետեր (ղեկավարներ, շեֆեր) եւ ենթականեր: Պետերին էլ կարելի է բաժանել երկու խմբի՝ պետեր, որոնք արժանի են իրենց պաշտոնին, եւ պետեր, որոնք հանգամանքների բերումով են դարձել այդպիսին եւ ամենեւին արժանի չեն այդ պաշտոնին: Ենթականերին նույնպես կարելի է բաժանել երկու խմբի՝ աշխատողներ, որոնք միշտ հեռու են մնում պետերից եւ աշխատողներ, որոնք անընդհատ ձգտում են մոտ լինել իրենց պետերին:

Քանի որ ենթակաների քանակը ամենամեծն է, խոսենք նրանց մասին: Ո՞ր ենթականերն են, որոնք մշտապես հեռու են մնում իրենց ղեկավարներից եւ չեն փորձում ավելորդ անգամ, առանց անհրաժեշտության հանդիպել իրենց ղեկավարին: Հասկանալի է, որ այդպիսի ենթակաները դրա կարիքը չունեն, որովհետեւ իրենց կարիերայի եւ հաջողության հիմքը համարում են իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները եւ իրենց արժանապատվությունը ամեն ինչից վեր են դասում: Մյուս խմբի ենթակաները դրանք այն մարդիկ են, որոնք իրենց կարիերայի եւ հաջողության հիմքը համարում են ղեկավարին մոտ լինելը, նրա հետ որքան կարելի է հաճախ շփվելը, տարբեր առիթներով նվերներ ընծայելը, կենացներով գովերգելը եւ այլն: Կարճ ասած, դրանք արժանապատվությունը ստորադասում են այլ հանգամանքներից եւ մեղմ ասած՝ խղճուկ մարդիկ են: Նման մարդկանց բնորոշումը փայլուն ներկայացրել է Վ. Ռայխը «Զանգվածների հոգեբանությունը եւ ֆաշիզմը» գրքում. «Ֆաշիստական կենսակերպը դա «խղճուկ մարդու» կենսակերպն է, այն «խղճուկ մարդու», որը ճնշված է, ձգտում է իշխանության եւ միաժամանակ բողոքում է: Պատահական չէ, որ բոլոր ֆաշիստական բռնակալները ծնունդ են «խղճուկ մարդու» հետադեմ միջավայրի: Արդյունաբերող-օլիգարխը եւ ռազմատենչ-ավատը օգտագործում են սոցիալական այդ փաստը իրենց նպատակներին հասնելու համար: Ֆաշիզմի ձեւով արտահայտված բռնակալական քաղաքակրթությունը ճնշված «խղճուկ մարդուց» դուրս է բերում այն ամենը, ինչը դարեր շարունակ նա ռազմատենչության, միստիցիզմի եւ ավտոմատիզմի միջոցով ներարկել է ճնշված մարդկությանը:

Այդ «խղճուկ մարդը» հիմնավորապես ուսումնասիրել է «մեծ մարդու» վարքը եւ այն այլասերած, գրոտեսքային տեսքով վերարտադրում է: Ֆաշիզմը մեր ծանր հիվանդ, արդյունաբերապես զարգացած քաղաքակրթության հսկա բանակի սերժանտն է, որը լուրջ քաղաքակրթությունը վերածում է կրկեսային ներկայացման: Փոքրիկ սերժանտը իմպերիալիստ-գեներալին գերազանցում է ամեն ինչում. քայլերգային երաժշտությամբ, «սագային քայլքում», հրամայելու եւ ենթարկվելու ունակությամբ, գաղափարների ծանրությունից կծկվելու, դիվանագիտության, ռազմավարության եւ մարտավարության ոլորտներում, հագնվելիս եւ շքերթներ կազմակերպելիս: Այդ ամենում Վիլհելմ կայսրը խեղճուկրակ մեկն է սոված ծառայողի զավակ Հիտլերի համեմատությամբ: Կուրծքը զարդարելով մեդալներով ու շքանշաններով, «պրոլետարական» գեներալը ցույց է տալիս, որ «խղճուկ մարդը» ոչնչով պակաս չէ իսկական մեծ գեներալից»:

Ավելացնենք նաեւ, որ պետերի մի հսկայական բանակ նույնպես կարելի է ընդգրկել ենթակաների շարքը, որքանով նրանք իրենց բարձրաստիճան պետերի համեմատ ենթականեր են:

Եվ որպես ամփոփում նշենք, որ շրջապատին դուր են գալիս, բնականաբար, այն մարդիկ, որոնք ունեն պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, արժանապատիվ կեցվածք եւ չեն կարող իրենց պատիվը զիջել որեւէ հանգամանքի:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

14.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30