Օրերս Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում փաստաբանների միջև անց է կացվել շախմատի մրցաշար: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով խաղի մասնակիցներին, նշել է, որ փաստաբանների պալատում պարբերաբար անց են կացվում շախմատի մրցաշարեր փաստաբանների հետաքրքրությունը մեծ է այս սպորտաձևի հանդեպ: Նա նկատել է, որ շախմատը միակ մարզաձևն է, որտեղ բացառվում է բախտը բերելու գործոնը և սպորտսմենն ապավինում է միայն սեփական ինտելեկտին:
Մրցաշարը հանդիսավոր բացել, փաստաբաններին հաջողություն և լավ խաղ է մաղթել սպորտի վարպետ, շախմատիստուհի Արիանա Կաոլին: Մրցաշարին աջակցել և համաժամանակյա խաղ են անցկացրել գրոսմայստերներ, օլիմպիական, Եվրոպայի և մի շարք այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ, բազմակի չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Մրցաշարին մասնակցել է 37 փաստաբան: Այն անց է կացվել 7 պլյուս 5 վայրկյան հավելումով: Անց է կացվել 7 խաղափուլով՝ շվեյցարական մրցակարգով: Առաջին մրցանակակիր է ճանաչվել Կարեն Մեժլումյանը (արտ.1844), երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Սերգեյ Ամիրխանյանը, երրորդ տեղը գրավել է Աշոտ Շահմուրադյանը: Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
Մրցաշարը կազմակերպվել էր Պալատի մարզամշակութային ակումբի ղեկավար Վրեժ Խաչիկյանի ջանքերով:
Մամուլի հաղորդագրություն