Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլիներ քաղաքապետը, վաղուց փախել էի…»

Ապրիլ 16,2018 13:30

Ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանը
կհիմնավորվի Աբովյանում

1930-ականներից պետական թատրոններ հիմնվեցին Հայաստանի շրջաններում, որոնք իրենց գործունեության ընթացքում տարբեր ճակատագրեր ունեցան: Օրինակ՝ Կոտայքի շրջանային թատրոնը գործել է մինչեւ 1940թ., ապա լուծարվել, փոխարենը՝ ստեղծվել թատերախումբ: Թատրոնը վերականգնելու նպատակով տարիներ անց՝ 1951թ., որպես ղեկավար է հրավիրվում այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը եւ մինչեւ 1981թ. իր ղեկավարության օրոք իրականացնում 100-ից ավելի ներկայացումներ: Այդ տարիներին թատրոնում հրավիրյալի կարգավիճակով բեմ են բարձրացել Վահրամ Փափազյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանը, Դանզաս ամուսինները, Թաթիկ Սարյանը, Կարպ Խաչվանքյանը եւ այլ անվանի դերասաններ: 1964թ. Պարույր Սեւակի խորհրդով Առաքելյանն իր սցենարով իրականացնում է «Սայաթ-Նովա» բեմադրությունը, որի պրեմիերան կայանում է Հաղպատի վանքում՝ մեծանուն աշուղի ծոռների ներկայությամբ: Այն տարիների համար բարձրագույն պարգեւ էր «Ժողովրդական թատրոն» պատվավոր կոչումը, որին արժանանում է շրջանային այս թատրոնը:

Մինչ օրս էլ Աբովյանի թատրոնը «ապրում» է, բայց արդարության դեմ չմեղանչելու համար նշենք միայն, որ ոչ բուռն ստեղծագործական կյանքով, ինչին նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ:

2017թ. հոկտեմբերին Աբովյանի դրամատիկական թատրոնին նոր շունչ հաղորդելու նպատակով՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին առաջարկել է երիտասարդ ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանին:

Ռեժիսորը (ձախից)՝ Թերեզա Տենտորիի եւ Դավիթ Եղիազարյանի հետ:

«Առավոտի» հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ անցած մի քանի ամիսների ընթացքում մասնակի վերանորոգվել է թատրոնի փոքր դահլիճը (թատրոնն ունի երկու դահլիճ, մեծը՝ 600, փոքրը՝ շուրջ 100 տեղանոց), բեմադրել է Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը», պատրաստվում է նոր ներկայացում արցախյան պատերազմի թեմայով՝ Արսեն Ղազարյանի «Կարոտել եմ» դրաման, որը աբովյանցիներին «կհանձնի» մայիսի 9-ին եւ 10-ին, իսկ առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված՝ Աբովյան քաղաքում մայիսի 28-ին կկայանա թատերականացված մեծ միջոցառում, Երեւանի 2800-ամյակին նվիրված, Կոստան Զարյանի բանաստեղծությունների մոտիվներով բեմադրությունը կխաղան նաեւ Աբովյանում: Հավելեց նաեւ, որ թատրոնին կից շուրջ երեք ամիս է՝ գործում է ստուդիա: «Հանդիպել եմ քաղաքի դպրոցների տնօրենների հետ, զրույցի ընթացքում նրանք ողջունեցին այն առաջարկը, որ բացի ներկայացումներ դիտելուց, աշակերտները նաեւ հանդիպեն դերասանների հետ, նրանց հետ տարվի, կարճ ասած՝ կրթական զրույցներ եւ այլն»,- նշեց ռեժիսորը: Հետաքրքրությանը՝ ի՞նչ կարգավիճակով է աշխատում եւ ովքե՞ր են ընդգրկված թատրոնի դերասանական կազմում, մեր զրուցակիցն ասաց. «Դերասանական կազմն առայժմ իմ ղեկավարած «Էպսիդոն» թատերախումբն է, պատրաստ եմ ներգրավել նաեւ շնորհալի արտիստների նույնպես: Ինչ վերաբերում է իմ կարգավիճակին, կարծում եմ՝ մոտ ժամանակներս քաղաքապետարանի հետ կկնքվի համագործակցության հուշագիր, ինչը ենթադրում է, որ ես արդեն պաշտոնապես կդառնամ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը»: Հարցին՝ Աբովյանի քաղաքապետարանից անցած շուրջ 5 ամիսների ընթացքում ստացե՞լ են լուրջ աջակցություն, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Եթե չլիներ այս քաղաքապետը, ես վաղուց փախել էի այնտեղից…»:

«Էպսիդոն» թատերախմբի գործունեությանը «Առավոտը» անդրադարձել է 20.05.2017թ.: Հիշեցնենք, որ 2012թ. հիմնված պետական կարգավիճակ չունեցող թատերախումբը ոչ միայն ակտիվ գործունեություն է ծավալում, այլեւ ժամանակին նախաձեռնել եւ անցկացրել է վարպետության դասեր. 2012թ. ամերիկացի ճանաչված արվեստագետ Ռիչարդ Նայի, ապա իտալացի Մարգիթ Մարտինուիի մասնակցությամբ: Արմեն Սարգսյանը անցյալ տարի մեր հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, թե պատրաստվում է իտալական «Terepia» թատերախմբի հետ Երեւանում ներառական բեմադրություններ իրականացնել: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց, որ իր թատերախմբի դերասաններ Լիանա Ավետիսյանի եւ Դավիթ Եղիազարյանի հետ օրերս են վերադարձել Իտալիայից եւ «Terepia»-ի ղեկավար Թերեզա Տենտորիի հետ համաձայնության են եկել ամռանը Գյումրիում ներառական ձեւաչափով ներկայացնել հայտնի «Յոթ թզուկները եւ Սպիտակաձյունիկը» հեքիաթը: Իսկ իտալացիներն այլ ներկայացումներով հանդես կգան նաեւ Աբովյանում եւ Երեւանում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

14.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30