Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի երաժշտությունը՝ ֆրանսիացի դաշնակահարի կատարմամբ

Ապրիլ 16,2018 12:30

«Նարեկացի» արվեստի միության համերգասրահում դաշնամուրային երաժշտության ուշագրավ երեկո էր, Կոմիտաս վարդապետի երաժշտությունը հնչեց ֆրանսիացի երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Քվենտին Մորիեի կատարմամբ: Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ս. Ռախմանինովի, Գ. Ֆորեի ստեղծագործություններից:

Ինչպե՞ս ծնվեց պատանի ֆրանսիացու սերը հայկական երաժշտության հանդեպ: Քվենտին Մորիեն ծնվել է Ֆրանսիայում: Երաժշտական կրթությունը ստացել է Ռոմանի երաժշտական դպրոցում, որից հետո ընդունվել է Բրյուսելի կոնսերվատորիան՝ ավարտելով դաշնամուրի եւ սիմֆոնիկ դիրիժորության բաժինները:
Երբ հայ-ֆրանսիական մանկական երգչախմբում ընդգրկված Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի եւ Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի սաները համերգներով հանդես եկան Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի մի շարք քաղաքներում, հյուրախաղերի ընթացքում Հայաստանից մեկնած մասնագետները վարպետության դասեր անցկացրեցին ֆրանսիացի պատանիների հետ: Հայ-ֆրանսիական մանկական երգչախմբի երգացանկում ընդգրկված Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները հետաքրքրեցին Ռոմանի երաժշտական դպրոցի սան Քվենտին Մորիեին, նա սիրահարվեց հայ երաժշտության մոգական հնչյուններին եւ սովորեց նվագել Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործութունները:

Սա Քվենտին Մորիեի առաջին այցը չէր Հայաստան: Առնո Բաբաջանյանի անվան պետական-մանկավարժական ուսումնարանի՝ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ կազմակերպած Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների Երեւանում կայացած միջազգային մրցույթ-փառատոնի ընթացքում, որի նպատակը մեծ կոմպոզիտորի թողած ժառանգությունը ողջ աշխարհում ճանաչելի դարձնելն էր, իրենց ստեղծագործական կարողությունները ներկայացրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած դաշնակահարները, որոնց տարիքը չէր գերազանցում 18-ը:
Հայ ժողովրդի ցուցաբերած ջերմ ընդունելությունը Քվենտին Մորիեին կրկին վերադարձրեց Հայաստան: Նա շնորհակալություն հայտնեց բուռն ծափերի, լավ վերաբերմունքի համար եւ հրաժեշտ տվեց՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:
Օտարազգի պատանու ինքնաբուխ սերը դեպի մեր ազգային երաժշտությունը ուսանելի է, ոգեշնչող օրինակ այն հայ պատանիների համար, ովքեր խորթացել են ազգային արժեքներից՝ տուրք տալով արեւելյան ապազգային ելեւէջներին:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

14.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30