Ֆրանսիայի հրապարակում նստացույցը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում ցուցարարների հետ ցույց էր անում: Նա պառկել էր Եռաբլուրից Քանաքեռ շարժվող 47 համարի երթուղային ավտոբուսի տակ եւ թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ուղեւորները դժգոհում էին, փորձում էին Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, Փաշինյանը պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է:
Ուղեւորներից մեկը դժգոհեց, որ երեխային դասի է տանում. «Խի՞ պիտի ուսումը տուժի»: Փաշինյանը պատասխանեց՝ ուսումը մեկ-երկու օրով չի տուժի»: Նա խորհուրդ տվեց դասադուլ անել: Ուղեւորներից մեկն էլ վիճեց՝ «Մեկ ա, ոչ մի բան չի փոխվելու, հելի գնա՛»: Փաշինյանը չհամաձայնեց՝ «Շատ բան ա փոխվելու»:
Երթուղայինի մեջ նաեւ զինվորականներ կային, նրանք ասացին, որ ուշանում են, ոտքով ո՞նց հասնեն Քանաքեռ. «Սահման ենք գնում մենք»: Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ է սահման գնացել: Զինվորականների խոսքով՝ «Ծառայության ենք մենք, թող գնանք»: Փաշինյանը հորդորեց մեքենայով գնալ, երթուղայինի առաջը փակ է:
Երթուղային միկրոավտոբուսներից մեկի ճանապարհն էլ Բաղրամյանի այդ հատվածում փակվեց, վարորդը դուրս եկավ ու սկսեց վիճել, թե՝ «Էսքան ուղեւոր կա մեջը, ի՞նչ մի դրել եք կապիկություն եք սարքել, հելի գնա էն կողմ, անցնենք էթանք, արա՛, ձեր նման պարապ չենք»:
Երթուղայինների վարորդները դժգոհում էին, թե «մեր քանի օրվա հացի փողը բա՞ն ես անում»:
Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից, որոնց անհարմարություն է պատճառում, բայց բացատրեց, որ իրենց պաշտպանում է ավելի մեծ անհարմարությունից, որը կոչվում է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ:
Երթուղայինների վարորդները,ի նշան բողոքի, ազդանշանները միացրեցին, փորձում էին գազ տալ, թե առաջ են գնալու, Փաշինյանը ցուցարարներին հորդորեց. «Պառկե՛ք, պառկե՛ք անիվների տակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ