Այսօր Գյումրիում բողոքի ակցիա անցկացնող «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ պատրաստվում են ժողովրդին դուրս հանել փողոցներ, փակել միջպետական ճանապարհները՝ այսպիսով հայտնելով իրենց անհամաձայնությունը երկրում տիրող իրավիճակի շուրջ ու իշխանությունը վերցնելով իրենց ձեռքը։
«Քաղաքական գործընթացները մտնել են մի նոր փուլ, որը կոչվում է բռնազավթման հավերժացում»,- ասաց նա։ Վերջինս քննադատեց Ազգային ժողովի 58 ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք օգնում են բռնազավթմանը։ «Իրենց պատկերացմամբ իրենք պատգամավոր են, բայց իրականում նրանք ո՛չ պատգամավոր են, ո՛չ էլ կապ ունեն մեր ազգային շահերի և մեր ազգի հետ»։
Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ այսօր Երևանում տեղի են ունենում երթեր, ցույցեր, հանրահավաքներ և որպեսզի կարողանան խաղաղ ընդվզումը հասցնեն իր նպատակին՝ այսինքն՝ իշխանությունը վերցնեն, Երևանը բավարար չէ, պետք է լինի ցանցային պայքար նաև այլ քաղաքներում։ «Այսօր մենք ունենք միջոց․ դա փողոցների փակելն է և փողոցների փակման միջոցով կաթվածահար անելն է այս բռնազավթիչներին։ Գյումրին և Երևանն իրենց աշխարհագրական դիրքով հանդիսանում են կարևոր հանգույց․ դեպի Վրաստան գնացող ճանապարհն անցնում է Գյումրիով և Վանաձորով, հետևաբար առաջնայինը, հաջորդ մեր գործողությունը պետք է լինի այդ ճանապարհների փակումը։ Մյուս ճանապարհը, որը նույնպես կարևոր նշանակություն ունի այս բռնազավթիչների դեմ պայքարում, դեպի Պարսկաստան գնացող ճանապարհն է, որը նույնպես պետք է փակ լինի մի քանի օր։ Մեզ իրենք ասում են՝ մենք հիմա շրջափակման մեջ ենք, մեր թշնամիները մեզ շրջափակել են, մենք էլ իրենց պետք է ասենք՝ մենք էլ եկել ենք ձեզ շրջափակելու, որովհետև այդ ամբողջ ապրանքաշրջանառությունը, այն, ինչ որ արտահանում են Հայաստանից, արտահանում են՝ թալանելով մեզ, այնպիսի հարկեր ու տուրքեր կիրառելով, որ մենք այսօր գտնվում ենք աղքատության մեջ, այնպիսի վարկեր տրամադրելով, որի պատճառով մենք դառնում ենք ուղղակի սնանկ։
Հետևաբար` մենք պետք է իրենց այդ հնարավորությունները փակենք, իրենք մերն են փակել, հիմա մեր հերթն է իրենցը փակելու։ Փակելով ճանապարհները՝ թույլ չենք տա, որ ոչ մի ապրանք մուտք գործի Հայաստան և ոչ մի ապրանք դուրս գա Հայաստանից։ Սա այն անհնազանդության միջոցն է, որին պետք է դիմենք, այսպես պետք է ընթանա պայքարը, ոչ միայն Երևանի փողոցների փակմամբ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը;
Ըստ նրա, հավաքվելով Երևանում՝ դառնում են մատչելի թիրախ հարձակման տեսանկյունից, դրա համար պետք է ըմբոստանալ նաև մյուս քաղաքներում, իսկ փողոցները հանրային վայրեր են, և դրանց փակումը բացառիկ հնարավորություն է «մաքրելու բռնազավթիչներին»։ Նա նաև նշեց, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ ունեցել են այդպիսի անհնազանդություններ, որոնք պսակվել են հաջողությամբ, կա այդ փորձը։ «Մենք մի ազգ ենք, որը դեռ չի ապրել իր հեղափոխությունը, մենք պարտավոր ենք մեր հեղափոխությունն ապրել, և 21-րդ դարը մեզ այդ հնարավորությունն ընձեռում է»։
Նա մեկ անգամ հիշեցրեց, որ այս շարժումը իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ, այն ազգային-ազատագրական շարժում է։
«Շատ է հնչել այս քանի օրը, որ դուք պետք է միասնություն ցուցաբերեք կուսակցությունների մեջ, ընդդիմության մեջ, ասեմ ձեզ, որ ընդդիմություն-իշխանություն տիրույթում չէ պայքարը, այլ պայքարը գնում է բռնազավթիչների կողմից բռնի ուժի կիրառման, հետևաբար մենք այս տիրույթում պետք է մեր գործողություններն իրականացնենք, մոռանանք բոլորս ով ինչ կուսակցության է պատկանում, ընդունենք համազգային ծրագիրը»։
Լրագրողների հետ զրույցում էլ, պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է միանալ Նիկոլ Փաշինյանի ակցիային, Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի դրվագ է ազգային ազատագրական շարժման մեջ, կարող է լինել այդ դրվագը, կարող է ընդհանրապես չլինել և նրանով չի պայմանավորված մեր ազգային ազատագրական շարժումը, ո՛չ ինձանով, ո՛չ Նիկոլով, ո՛չ ինչ-որ մեկով, սա պետք է լինի այնպիսի շարժում, որ ընդգրկուն լինի, մեր ազգի բոլոր հատվածները ընդգրկվեն»։
Ըստ նրա, սա լինելու է ազգային շարժում, ոչ թե շարժում, որը տեղի է ունենում միայն Երևանում, մի քանի օրով ու մի հարցի շուրջ։ Նա նշեց, որ Հանրապետականները տարբեր վայրերում են, միայն Երևանում չեն, այլ տեղական հանրապետականներ կան, որոնց նույնպես պետք է «մահապատժի ենթարկել»։ «Ես, իհարկե, չեմ ցանկանա, որ որևէ մեկը իր մահով չմահանա, այլ ենթարկվի այսպես ասած մահապատժի, բայց այլ կերպ, որպեսզի մենք խաղաղ միջոցներով պայքարը մղենք, մենք չունենք»,- ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
բա, դուք Կիւմրի ի՞նչ էք անում… party-ն Երեւանում է… մեծ մասից զրկուեցաք արդէն, շտապեցէք գնալու այդտեղ, միացէք քեֆին, առաջ որ արդէն պրծի վերջանայ…