Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հրապարակեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների իրենց ծրագիրը, որը նրա խոսքով, պիտի իրականացնեն քաղաքացիները: Ըստ նրա, վաղը առավոտյան 8-ն անց 15 րոպեից, պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ. «Եվ այդ գործողությունները պետք է անեք դուք սիրելի հայրենակիցներ, ես՝ իմ մասով:
Այդ գործողությունները որեւէ մեկին վնասի, ռիսկի տակ չեն դնում»,-ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդն ու երբ պատրաստվում էր հրապարակել գործողությունների մնացած մասը՝ մի կին բարձրացավ բեմ ու ասաց՝ պարոն Փաշինյան, վստահեք ինձ, ես ամեն ինչ տալիս եմ ձեզ, իմ կյանքը, իմ բնակարանը, ես ձեզ 700 միլիոն գումար եմ բերում, սակայն չհասցնելով խոսքն ավարտել, տիկնոջը բեմից իջեցրին:
Ապա Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Ձեր մասնակցության չափից է կախված այս գործընթացի ողջ ճակատագիրը: Վաղը արթնանում ենք շուտ՝ յոթին, յոթն անց կես: Վաղը ժամը ութն անց կես սկսվելու է կամուրջների արգելափակման գործընթացը: Ովքեր Դավթաշենի կամրջով երթեւեկում են, նրանց մեքենան փչանում է, վթարայինները միացնում ենք, դռները փակում ենք ու ոտքով իջնենք Ազգային ժողով, դեպի Բաղրամյան պողոտա: Ճանապարհին ում տեսնում են՝ ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ»:
Հաջորդ գործողությունը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է լինի բոլոր հնարավոր փողոցները փակելը. «Փողոցի կենտրոնում իր ավտոմեքենան պատահաբար փչանում է, դռները փակում է, վթարայինները միացնում է ու ոտքով իջնում է Բաղրամյան պողոտա»:
Նա նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու գործողությունների ծրագիր ներկայացրեց. «Մարդիկ, ուղեւորները 4-5 հոգանոց խմբերով, երբ կանգառներում մետրոն կանգնում է, դռների մեջ պառկում են, մի մասը կառամատույցի վրա, մյուս մասը գնացքի մեջ: Այսինքն՝ դռները չեն փակվում, գնացքը չի կարող շարժվել, եթե սա նույնիսկ մեկ-երկու կայարանում է տեղի ունենում, գնացքները չեն շարժվում, մետրոն չի կարող աշխատել: Ուղևորները դուրս են գալիս եւ ոտքով քայլելով գալիս են դեպի Բաղրամյան պողոտա եւ ում տեսնում ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ»:
Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ մետրոյում այդ գործողությունն անող երիտասարդներին կտանեն ոստիկանության բաժանմունքներ, սակայն նաեւ հավելեց, որ ոստիկանության ուժերը բավարար չեն լինելու եւ նրանց պետք են լինելու օգնական ուժեր. «Բայց, եթե մենք գործողությունը զանգվածաբար սկսում ենք 8-ն անց 15-ին, փողոցները փակված կլինեն եւ ոստիկանները չեն կարող տեղից տեղ շարժվել»:
Հաջորդ գործողությունն ըստ պարոն Փաշինյանի պետք է լինի բանկային քարտերով եւ ով բանկային քարտին գումար ունի, 8-ն անց 15-ից մինչեւ ժամը 9-ը կանխիկացնում են. «Չնայած, ում ասում ենք՝ ասում է քարտումս փող չկա»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ գործադուլի կոչ արեց, քանի որ բոլոր փողոցները փակ են լինելու: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հնարավոր է իրեն կալանավորեն, սակայն դրա համար պետք է սանկցիա տան եւ տանեն Ազգային Ժողով, ուստի ինքը ԱԺ-ից կասի, թե հետագա քայլերն ինչ անեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ