Այս պահին Ազատության հրապարակին կից` Ֆրանսիայի հրապարակում, կրկին ընթանում է «Իմ քայլը» հանրահավաքը: Գործարար Սուրեն Գեւորգյանն ասաց, որ այսօր Հայաստանն ունի մեծ ներուժ, որպեսզի տնտեսությունը մրցունակ լինի միջազգային շուկայում: Բայց երեք իշխանությունների օրոք էլ, ըստ գործարարի, Հայաստանի տնտեսությունը «բարբարոսաբար ոչնչացրել» են:
Ըստ նրա` այս 21 տարիների ընթացում ոչնչացրել են Հայաստանի քիմիական արտադրությունը, Գյումրիի տեքստիլը, Հայէլեկտրո գործարանը: Գործարարի խոսքով, չորս միլիարդ դոլարը, որն Ադրբեջանը օգտագործում է իր սպառազինության համար, Հայաստանը վարկ է վերցնում, որ Ռուսաստանից գնի. «Բայց մի քանի անգամ ավելին մենք կարող էինք գնել, քանի որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը: Հայաստանը պատրաստ է իր ունեցած հնարավորություններով դառնալու միջազգային պետություն ինքնիշխան, ինքնաբավ»:
Ըստ գործարարի` Հայաստանը հարուստ է ոչ մետաղական հանքավայրերով. «Պեռլիտի հանքավայրերից կարելի է ստանալ 40 տեսակի արտադրանք, սակայն այն բռնել եւ վաճառել են ընդամենը մեկ միլիոն 800 հազար դոլարով, երբ որ դրա գինը ութ միլիարդ, ութ տրիլիոն դոլար է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ