Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փուլում տրամաբանական չէ վարչապետի թեկնածու առաջարկելը». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 15,2018 18:21

Ձեր մանդատն օգտագործելո՞ւ եք երեքշաբթի օրը Ազգային ժողով մտնելու համար հարցին, այսօր հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրեն շրջափակելու է եւ իրեն թույլ չի տալու դահլիճ մտնել՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, եթե նախաձեռնության գործողությունները ծրագրածով գնան. «Մենք պլանավորում ենք այնպես անել, որ այդ նիստը չկայանա, եթե ինձ պետք լինի, որ ես մտնեմ Ազգային ժողովի իմ աշխատասենյակ, ինչ-որ թղթեր վերցնեմ, ես կմտնեմ եւ ինչ-որ թղթեր կվերցնեմ: Լենա Նազարյանն՝ իր, Սասուն Միքայելյանն՝ իր, Արարատ Միրզոյանն՝ իր»:

Հարցին, թե վաղը առաջադրումներն են, սակայն այդպես էլ «Ելք» դաշինքի նիստը տեղի չի ունեցել, այսինքն՝ փակվա՞ծ է թեման, որ «Ելքը» կառաջադրի թեկնածու, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Մեր տրամաբանությունն այն է, որ այդ նիստը չկայանա, եթե մենք հիմա վարչապետի թեկնածու ենք առաջադրում, ենթադրում ենք, որ վարչապետի թեկնածուն պիտի ներկա լինի այդ նիստին, այսինքն` դա կնշանակի մենք աջակցում ենք այդ նիստի կայացմանը: Այս փուլում տրամաբանական չի վարչապետի թեկնածու առաջարկելը: Եթե մեզ կհաջողվի վաղը չէ մյուս օրը խափանել Սերժ Սարգսյանի ընտրությունը, այսինքն՝ այդ նիստը չկայանա, դրանից 7 օր հետո պետք է տեղի ունենա նոր ընտրություն: Այդ ժամանակ նոր կարելի է մտածել, բայց ոչ այնքան խմբակցության ֆորմատով, որովհետեւ այդ փուլում խմբակցությունն արդեն չի կարող թեկնածու առաջադրել, այլ վարչապետի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների մեկ երրորդը: Այդ պարագայում, արդեն հրապարակի հետ խորհրդակցելով, մենք այդ հարցը կլուծենք»:

Հարցին, թե եղե՞լ է քննարկում, որ Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի կուսակցությունները չգնան այդ օրը խորհրդարան, պարոն Փաշինյանն ասաց, ոչ, նման քննարկում չի եղել. «Խնդիրն իհարկե հանրապետական պատգամավորների մուտքը արգելափակելն է, թույլ չտալը եւ, եթե մենք այդ խնդիրը լուծենք, կարծում եմ մեր գործընկերներն առանձնապես մեծ ցանկություն պիտի չունենան ներս մտնելու, եթե ինձ նման, ինչ-որ թուղթ մոռացած չլինեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30