Այսօր ժամը 14:30-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե այսօր ինչո՞ւ Ֆրանսիական հրապարակը, որտեղ ընթանում է ընդդիմության հանրահավաքը, մարդաշատ չէ, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ ելույթում արձանագրեցի, որ իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում երբեք այսպիսի համակրանք, որը ինչ-որ առումով նաեւ աջակցություն է, չեմ զգացել: Սա շատ կարեւոր նվաճում է, նախորդ օրերի գործողություններով ցույց տվեցինք, որ վճռական ենք տրամադրված եւ պատրաստ ենք գործողությունների»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրությանը վերլուծել անցած 16 օրերին տեղի ունեցածը. «Մենք պետք է վաղ առավոտից ի վիճակի լինենք սկսել լայնամասշտաբ գործողություններ»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ արդյոք վաղը խորհրդարանի շենքը կա «Իմ քայլ»-ի թիրախում, քանի որ վարչապետի պաշտոնական առաջադրումն է, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
Հարցրին նաեւ ոստիկանների մարտավարությունից, քանի որ կարծիքներ են հնչել, թե նախաձեռնությունը իրական վտանգ չի ներկայացնում, պարոն Փաշինյանն ի պատասխան ասաց. «Մենք այդ հարցը բազմիցս քննարկել ենք, այո այդպիսի մեկնաբանություններ կան, ավելի խորը մեկնաբանություններ կան՝ որ սա պայմանավորված է, թատրոն է, կինո է, օպերա է, այո, եւ դա որոշակի հետեւանք կարող է ունենալ, բայց մենք նաեւ այդտեղ հնարավորություն ենք տեսնում, որովհետեւ դա որոշակի տարածք է տալիս գործելու համար: Եվ վաղվա մեր գործողություններով կտանք այն հարցի պատասխանը, սա կինո է թե թատրոն է եւ մարդը խնդիր չունի մտածելու: Եթե այդ հարցն ինքն իրեն է տալիս, ինքը կինոդերասանա՞, օպերային երգի՞չ է: Այսինքն՝ մեզ հետ կապված չէ դա, հիմա, եթե ինքն իր գործողություններով արեց եւ գեներացրեց էն, վերջնական եզրափակիչ մասը, որի մասին մենք ենթադրում ենք, նորից դրա պատասխանատվությունը վերադառնում է մեզ: էն ժամանակ, եթե թատրոն կամ կինո լինի, դա նշանակում է, որ ժողովուրդն իրավունք կունենա պատժել կինոյի եւ թատրոնի բոլոր դերասաններին»:
Այն հարցին էլ թե իրավապահները հանցակազմ են որոնում հանրահավաքի պատասխանատուների երեկվա գործողություններում, որոնք տեղի ունեցան Հանրային ռադիոյի, ԵՊՀ-ի շենքերում, եւ Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարո՞ւմ է, որ հենց դա դառնա այն մահակը եւ քրեական գործ հարուցվի՝ պարալիզացնելու համար նրա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինձ դատախազությունը, ոստիկանությունը չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքրում Հայաստանի հանրապետության քաղաքացին: Եթե կա ՀՀ քաղաքացու աջակցությունը, դատախազությունն ու ոստիկանությունն անզոր է: Եթե չկա ՀՀ քաղաքացու աջակցությունն ինձ համար տարբերություն չկա՝ ես Ազգային ժողովում եմ, թե բանտում, ես երկու տեղերում էլ ինձ լիարժեք եւ լավ եմ զգում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ