Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ որեւէ մարդու հասցեին վատ բան չեն ասելու, եւ Սերժ Սարգսյան ասելով, նկատի ունեն ոչ թե անձը, այլ՝ հավաքական կերպարը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաեւ ասաց, որ իրենց խնդիրը ապրիլի 17-ին տեղի ունեցող նիստը տապալելն է, այնպես անել, որ այն տեղի չունենա: Այդուհանդերձ պարոն Փաշինյանը գտնում էր, որ այդքան մարդկանցով, որոնք այս պահին Ֆրանսիայի հրապարակում են, իրենց ծրագրերը չեն իրականանա. «Եթե մենք վաղը եղանք այսքանով, դա չենք կարող անել, բայց մենք այսքանով ի վիճակի ենք անել գործողություններ, որոնք իրենց հետ ալիքաձեւ կբերեն գործողություններ, որպեսզի կարողանանք անել այն, ինչ ուզում ենք անել: Չնայած արդեն տեղեկատվություն է պտտվում, որ Ազգային ժողովի այդ նիստն էլ կարող է տեղափոխեն: Դրա համար մեզ պետք են ավտոմեքենաներ, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործենք»:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց կամավորներին ցուցակագրել եւ երկու ցուցակ կազմել. նրանք, որոնք պատրաստ են ավտոմեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդություններին եւ նրանք, որոնք այդ անհնազանդությունների ժամանակ կլինեն հետիոտն:
Այսօր ժամը 18:30-ին ՔՊ առաջնորդը կհրապարակի գործողությունների պլանը:
Մինչ այդ, պարոն Փաշինյանն ասաց, որ վաղը առավոտից սկսելու են քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ Երեւանում ու hանրապետությունով մեկ, որի նպատակը լինելու է՝ կանխել ապրիլի 17-ի Սերժ Սարգսյանի վարչապետի ընտրությունը:
Նա նաեւ ասաց, որ երեկ ավարտվել է իրենց գործողությունների առաջին փուլը:
«Ավարտվեց լրջագույն հաջողությամբ: Համատարած աջակցություն ունենք Հայաստանում եւ սփյուռքում: Գրեթե բոլոր մարզերից ներկա են եղել մեր հանրահավաքներին: Մենք տեսնում ենք մարդկանց համատարած համակրանք սոցցանցերում, դրանք կոնկրետ գործողություն են դառնում: Միայն երեկվա ընթացքում մեզ ի աջակցություն մոտ 1 միլիոն 700 հազար դրամի դրամական փոխանցում է արվել: Այստեղ մեկուկես օրվա ընթացքում հանգանակվել է 900 հազար դրամ: Բացի այդ, այսօր առավոտյան Լոս Անջելեսից Ալիկ Դեմիրճյան անունով մարդն այստեղ նախաճաշ է ուղարկել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ