Երեւանում այսօր մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մասնակցում է 32 երկիր, այդ թվում նրանք, որոնք առաջատար դիրքեր չունեն աշխարհում ու Եվրոպայում: Վերջին մեկ տարում ֆեդերացիայում ստեղծված աշխատանքային թիմը կազմակերպական հսկայական աշխատանք է կատարել: Ես անցած տարվանից սկսած հանդիպել եմ գրեթե բոլոր ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, ինչի արդյունքում Երեւան ժամանել են մեծ թվով պատվիրակություններ: Այսօր ճկասուսերակիրները կավարտեն անհատական պայքարը, վաղը կմեկնարկի խոցասուսերը, մյուս օրը՝ թրասուսերը, իսկ վերջին երկու օրը կանցկացվի թիմային առաջնությունը, որին հայտավորվել է 57 թիմ, ինչը մասնակցության շատ բարձր ցուցանիշ է»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից: «Ֆեդերացիան մեր առաջատար սուսերամարտիկների համար ամեն հնարավոր բան արել է, որպեսզի հաջող մասնակցեն: Անցած տարվա հոկտեմբերից, երբ կազմվեց 2018 թվականի պլանը, հավաքականի մարզչական խորհրդի բարձրացրած բոլոր խնդիրները ֆեդերացիան լուծել է՝ սկսած Հայաստանում եւ արտերկրում ուսումնամարզական հավաքների անցկացումից, մինչեւ միջազգային մրցաշարերի մասնակցություն: Այսինքն, հավաքականը լիարժեք նախապատրաստական շրջան է անցել: Սակայն մրցուղիները կպատասխանեն ձեր հարցին», – պատասխանեց ֆեդերացիայի նախագահը:
Հարցին, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի մասնակցում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ազգային ֆեդերացիաներին հրավեր ուղարկում է ոչ թե կազմակերպիչ երկիրը, այլ Եվրոպայի կոնֆեդերացիան: Այս ընթացքում միջազգային համաժողովների ժամանակ ես Ադրբեջանի սուսերամարտի ղեկավարների հետ հանդիպել եմ: Նրանք քաջատեղյակ են եղել, որ Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Երեւանում, սակայն մասնակցության հայտ չեն ներկայացրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ