Այս պահին Ազատության հրապարակին կից Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նախևառաջ՝ պայքարելու են ընտրությունները կեղծելու դեմ: Նա հերթով մատնանշեց քայլերը՝ ինչպես են դա անելու. «Առաջին քայլ՝ մատնահետքերի այն համակարգերին, որ հիմա գործում են Հայաստանում, մի գործողություն ենք ավելացնելու: Դուք գիտես որ ԵՄ ճնշման տակ մատնահետքերի համակարգը դրվեց: Սարքը գրանցում է մատնահետքը եւ հաջորդ անգամ, երբ ինքը գա ընտրատեղամաս՝ պետք է ազդանշան լինի, որ արդեն քվեարկել են: Հիմա, ինչն է այս համակարգի թերությունը, այդ համակարգերը մատնահետքերի միացված չեն ընդհանուր բազայի մեջ: Այսինքն, ես կամ որեւէ մեկը գնում է մատնահետք է դնում, միայն այդ տեղամասի համակարգն է իրեն գրանցում, եթե այդ մարդը գնա կողքի տեղամաս, այնտեղի համակարգը կգրանցի որպես չքվեարկած: Այդ մարդը տեսականորեն բոլոր տեղամասերում էլ կարող է քվեարկել: Պետք է այդ բոլոր տվյալները կենտրոնացնել մի բազայի մեջ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր այդ սարքերը պետք է միացված լինեն միմյանց:
Երկրորդ փոփոխությունը, ըստ նրա, ընտրական ցուցակների մոբիլացումն է. «Հայաստանի քաղաքացիների ելումուտը սահմանի վրա արձանագրվում է: Եթե որեւէ քաղաքացի հանրապետությունը լքեց ու 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում չվերադարձավ, համակարգը ավտոմատ իրեն հանում է ընտրական ցուցակից, եթե մարդը վերադարձավ, համակարգը նույն օրը կարող է վերադարձնել ընտրական ցուցակ:Սա մեզ հնարավորություն կտա բացառել բացակա քաղաքացիների առկայությունը ընտրական ցուցակներում»:
Պայքարի երրորդ, համակարգային փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է լինի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունների կոնսեսուսով. «Սրանք օրենսդրական փոփոխություններ են, որոնք բացառում են ընտրական որեւէ կեղծիք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ