Հասարակական-քաղաքական գործիչ, «Հանուն Հայաստան ճակատի» անդամ Կարապետ Ռուբինյանը, որը նույնպես մասնակցում է ընդդիմության բողոքի ցույցին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնելով հետագա քայլերը, չբացառեց, որ հնարավոր է անցնեն ավելի կտրուկ միջոցների, բայց եւ նշեց, որ հնարավոր է ավելի փափուկ միջոցներով, նոր ուժեր համախմբելով իշխանափոխություն պահանջեն. «Իրավիճակը կթելադրի»,-ասաց Կարապետ Ռուբինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի քայլը՝ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստը ոչ թե սեփական գրասենյակում, այլ՝ Ծաղկաձորում անցկացնելու կուսակցության որոշումը, որտեղ վարչապետի պաշտոնում առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պարոն Ռուբինյանը պատասխանեց.
«Դեպքերը ցույց են տալիս, որ իրենք ժամ են փոխում, որպեսզի չհանդիպեն մեզ, այսինքն՝ ժողովրդին, բնակավայր են փոխում, հիմա երեւի Ազգային ժողովի արտահերթ նիստն էլ երեւի Բաքվում փորձեն անցկացնեն, եւ էլի արտառոց ոչինչ չտեսնեն դրա մեջ»:
Կարապետ Ռուբինյանի համոզմամբ` հավաքը Ծաղկաձորում անցկացնելը միանշանակ հանրահավաքով է պայմանավորված: Ըստ նրա, ընտրություն հասկացողությունը վերացվել է Հայաստանում եւ ՀՀԿ-ն «բոլոր ընտրությունները կեղծել է»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Արմենպրեսին» հայտնել է, թե ՀՀԿ-ն նախկինում էլ խորհրդի արտահերթ նիստեր անցկացրել է թե Ծաղկաձորում, թե այլ վայրերում. «Նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ նիստին մասնակցել է 250-ից ավելի մարդ, իսկ կուսակցության կենտրոնական գրասենյակում մենք նման դահլիճ չունենք, որ այդքան մարդ տեղավորեր»:
Պարոն Ռուբինյանի խոսքով. «Ինչ-որ հղումներ են անում 800 հազար վրա, մեկ անգամ առաջարկել են, էլի եմ առաջարկում. Կանչեք ձեր այդ 700-800 հազարին տեսնենք բոլորը հրապարակում ե՞ն»:
Հարցին, եթե ՀՀԿ-ն գնա զիջման եւ վարչապետի թեկնածուի այլ անուն տա, սա կհամարվի՞ լուծում ընդդիմության համար, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Նախ՝ որեւէ նման առաջարկ չկա, որ այդպիսի զիջման են գնալու, ծաղկաձորյան որոշումը, կարծեմ, դեռ բեկանված չէ, եթե գնան փոփոխության, ապա դա լինելու է ճնշման արդյունքում: Եթե մենք այդքան ուժ ունեցանք եւ ստացանք այդ արդյունքը, համոզված եղեք, որ ճնշումը կշարունակենք, մինչեւ ողջ հանցախումբը չհեռանա»:
Մեջբերելով նաեւ ՀՀԿ-ի այն հիմնավորումները, թե երկրի անվտանգության եւ մի շարք այլ հարցերում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, արդյոք այդպե՞ս է հարցին, Կարապետ Ռուբինյանն այսպես արձագանքեց. «Առնվազն որքան շուտ հեռանա, այնքան անվտանգությունը կամրապնդվի»:
Այս պահին Ազատության հրապարակին կից Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ