Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային հանցագործություններն ավելացել են. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություններ է տվել

Ապրիլ 15,2018 12:35

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակն ու շարժընթացը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների կատարած աշխատանքների  եռամսյակային արդյունքները:

Ելնելով հանցագործության հիմնական տեսակներով առկա վիճակից և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ դրանց համադրությունից՝ առանձին հանցատեսակներով ի հայտ բերված որոշ մտահոգիչ միտումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանցագործությունների հատկապես նախականխմանն ու կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողությունների նախաձեռնման  հանձնարարականներ: Մասնավորապես, Արթուր Դավթյանը հանձնարարել է առանձին-առանձին ուսումնասիրել կատարված յուրաքանչյուր ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի դրդապատճառները, պարզել դրանց նպաստող գործոնները և  դատախազական ներգործության ողջ զինանոցի կիրառմամբ օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում համապատասխան միջնորդագրեր ներկայացնել ինչպես հետաքննության և նախաքննության մարմինների տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ պատկան մարմինների ղեկավարներին և ուշադրության կենտրոնում պահել դրանց հիման վրա հետագա միջոցառումների իրականացումը:

Առանձին քննարկման առարկա է դարձել ճանապարհատրանսպորտային երթևեկության հետ կապված հանցագործությունների շարժընթացի, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների կանխարգելման, քննության հետ կապված խնդիրները:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և որ առավել մտահոգիչ է՝ 30 դեպքով կամ 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը: Զեկուցվել է նաև, որ դրանց կառուցվածքում շոշափելի քանակ են կազմել ինքնավթարները:

Հաշվի առնելով նշված միտումները, ինչպես նաև հատկապես երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել դատախազական ողջ գործիքակազմը՝ այս հանցատեսակի կանխարգելման, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով օպերատիվ կերպով ապահովել դատախազների անմիջական մասնակցությունը օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներին, իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ շեշտել է ճանապարհային երթևեկության հետ կապված առերևույթ հանցագործություններին առնչվող քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ օբյեկտիվ ելակետեր, իսկ նշանակվող փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն և տրամադրվեն նախաքննության մարմնին:

Խնդիր է դրվել այս գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս, պահպանելով օրենսդրության պահանջներն ու առաջնորդվելով ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներով առանձնահատուկ ուշադրության արժանացնել ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքները:

Որպես այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման միջոց, ըստ Արթուր Դավթյանի, առկա է պատժողական քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտություն: Մասնավորապես, հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս առանցքային համարել հատկապես պատժի կանխարգելիչ նպատակը՝ մեղադրական ճառերում պատշաճ փաստարկելով այն: Բացի դրանից, հանձնարարվել է հետևել, որպեսզի կատարված հանցավոր արարքներին լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն դատարանների կողմից, ինչպես նաև, կիրառելով դատախազական ներգործության բոլոր հնարավոր կառուցակարգերը՝ հետևել պատիժների հստակ և աներկբա կատարմանը:

Խնդիր է դրվել նաև, ուսումնասիրելով միջազգային փորձը, սեղմ ժամկետներում մշակել օրենսդրական փոփոխությունների և դրանցից ածանցվող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ: Այն ուղղված կլինի ինչպես ՃԵԿ խախտումների համար վարչական պատասխանատվության, վարորդական իրավունքի տրամադրման, դրանից զրկելու իրավակարգավորումների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը:

Այս նպատակով Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել 2017թ. ընթացքում ճանապարհային երթևեկության հետ կապված հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը և ներկայացնել հնարավորինս հստակ մոտեցումներ պարունակող առաջարկություններ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30