Հունական խոհանոցի ամենատարածված եւ սիրված ուտեստներից մեկը ծովախեցգետնով սագանակին է: Նախկինում «Առավոտի» ընթերցողներին արդեն ներկայացրել ենք սմբուկով սագանակիի բաղադրատոմսը: Այսօր կպատրաստենք ծովամթերքով սագանակի: Հիշեցնենք, որ հույները ունեն երկու իրարից կատարելապես տարբեր ուտեստ` նույն անվամբ` մեկը տապակած պանիրն է, մյուսը` ֆետայով համեմված լոլիկի թանձրուկն է, որի մեջ կարող են լինել ծովամթերք, սմբուկ եւ այլն: Բանն այն է, որ «սագանակի» հույներն ասում են թավային, որի մեջ էլ պատրաստվում են այս ուտեստները եւ մատուցվում հենց թավայով: Այնպես որ, այն ամենը, ինչ նրանք պատրաստում եւ մատուցում են թավայի մեջ, սագանակի էլ կոչում են: Ուտեստներն անվանակոչելու հեշտ եւ հիշվող եղանակ:
Անհրաժեշտ մթերքները
Ծովախեցգետին (կարող եք վերցնել սառեցվածը)- 500 գրամ
Ֆետա պանիր- 100 գրամ
Լոլիկի պատրաստի թանձրուկ- 500 մլ
Սխտոր-3 պճեղ
Օղի – 1 ճաշի գդալ (եթե պատահաբար ունեք հունական ուզո տեսակի օղի, օգտագործեք հենց դա)
Կծու թարմ պղպեղ- 1 հատ
Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Աղ, սեւ պղպեղ` ըստ ճաշակի
Թարմ մաղադանոս- մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Եթե չունեք պատրաստի թանձրուկ, այն շատ հեշտ է սեփական ձեռքերով պատրաստելը: Թարմ կամ սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկը կտրատեք, լցրեք փոքր կաթսայի մեջ, դրեք մարմանդ կրակին: 5-10 րոպեից ավելացրեք 3-4 պճեղ մանրած սխտոր, 1 լիքը գդալ տոմատի մածուկ, լավ խառնեք, ավելացրեք չոր կանաչիներ` ձեր ճաշակով, թողեք եփվի եւս 10 րոպե, անջատեք: Ձեր լոլիկով թանձրուկը պատրաստ է: Կարող եք թանձրուկի փոխարեն նաեւ լեչո օգտագործել, բայց համային առումով կզիջի:
Անցնենք սագանակիին:
Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, ավելացրեք կտրատած սխտորը, կտրատած թարմ կծու պղպեղը, ապա` ծովախեցգետինները: Եթե դրանք թարմ են, լավ լվացեք, նոր ավելացրեք: Իսկ եթե սառեցրած են, պետք չի ապասառեցնել, հենց այդպես, սառած վիճակում լցրեք թավայի մեջ: 5-6 րոպեից ավելացրեք լոլիկի թանձրուկը, թողեք եփվի եւս տասը րոպե, ավելացրեք մանրած ֆետա պանիրն ու կտրատած մաղադանոսն ու անջատեք:
Մատուցեք տաք վիճակում: Կարող եք որպես խավարտ բրինձ կամ մակարոնեղեն էլ մատուցել, սակայն սագանակին ընդունված է ուտել որպես թանձրուկ` հացով թաթախելով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ