Ապրիլի 13-ին Մեծամորի մշակույթի տանը տիրում էր իսկական մշակութային տրամադրություն. գունավոր նկարների շնորհիվ շինության պատերը նոր շունչ ու երանգ էին ստացել, իսկ պատերի ներսում լսվում էին մանկական ուրախ երգեր:
«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շրջանակներում կազմակերպված և «Հեքիաթների աշխարհում» խորագիրը կրող մշակութային միջոցառումը կազմված էր երկու մասից: Սկզբում փոքրիկ այցելուների ու հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին նկարչության խմբակի երեխաների աշխատանքները:
Նկարներն աչքի էին ընկնում գույների ու պատկերների բազմազանությամբ: Երեխաների վառ երևակայության, գունավոր մատիտների, վրձինների և թելերի շնորհիվ սպիտակ թղթերը վեր էին ածվել գեղեցիկ նկարների, որոնց մեջ արտացոլված էին երեխաների մանկական հույզերն ու փոքրիկ երազանքները:
Նկարների ցուցադրությունից հետո ներկաներին սպասվում էր համերգային ուրախ ու պարային տրամադրություն: «Արևածաղիկ» մանկապատանեկան երգչախմբի սաները հանդես եկան համերգային գեղեցիկ ծրագրով, որի ընթացքում հնչեցին բոլոր ժամանակների ամենասիրելի մուլտֆիլմերից երգեր, որոնք ուղեկցվում էին պարային կատարումներով: Ներկա էին տարբեր տարիքի երեխաներ, ովքեր եկել էին իրենց ծնողների հետ:
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից իրականացվող և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի նպատակն է աջակցել խոցելի ընտանիքների երեխաներին՝ նրանց ներառելով համայնքի մշակութային կյանքում և զարգացնելով նրանց ստեղծագործական ներուժը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ երեք քաղաքների՝ Մեծամորի, Իջևանի և Նոյեմբերյանի երեխաներին հաղորդակից դառնալ արվեստի մի շարք ճյուղերին, ինչպիսիք են թատրոնը, նկարչությունը, երգը, կարպետագործությունը և կավագործությունը:
Սոնա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ