«Այսօր այս հրապարակում, ի վերջո, ձեւավորվեց մի նոր ու թարմ քաղաքական գաղափար, որը թերեւս նշանավորի քաղաքական իրավիճակի փոփոխությունը Հայաստանում: Մենք համերաշխության ձեռք մեկնեցինք Հայաստանի քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ նրանց կոչ անելով, ոչ թե միանալ այս հարթակում կանգնած որեւէ ուժին, այլ միանալ այս հրապարակում կանգնած այս ժողովրդին»,- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արդեն մի շարք կուսակցություններ իրենց աջակցությունն են հայտնել:
Նա նաեւ ասաց, որ շարունակելու են խաղաղ անհնազանդության ցույցերը, ու Հայաստանում ոչ մի դուռ իրենց առջեւ փակ չի լինելու. «Մեն չենք հայհոյում ոչ մեկի, չենք բռնանում ոչ մեկին.. բայց ՀՀ-ում չկա դուռ, որ փակ կլինի մեր առաջ՝ լինի ԱԺ դուռը, թե ուրիշ դուռ»:
Նա նաեւ ասաց, որ եկել են Հայաստանն ազատելու Սերժ Սարգսյանի իշխանությունից եւ այսօր դրա համար իրենց միայն մի բան է պակասում՝ ՀՀ քաղաքացիների տված լիազորությունը:
«Ազգային ժողովը պիտի փորձի Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ: Մեր խնդիրն է հավաքվել այստեղ տասնյակ հազարներով եւ շարժվել ԱԺ, շրջափակել ԱԺ-ն, որպեսզի որեւէ ՀՀԿ-ական պատգամավոր չկարողանա մուտք գործել այնտեղ, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա մուտք գործել այնտեղ: Մենք դա անելու ենք նույնկերպ, ինչպես այսօր Հանրային ռադիոյի շենքում: Մենք կանգնելու ենք խորին հարգանքով նրանց զենքերի առջեւ եւ ասելու ենք՝ կրակում եք, կրակեք, բայց ես անցնելու եմ, ես չեմ կանգնի ձեր կամայականությունների, ձեր ապօրինությունների, ձեր լկտիության առաջ: Ես չեմ կանգնի Սերժ Սարգսյանի առաջ: Ես գնալու եմ, եւ եթե իմ հետեւից եկող ժողովուրդ կա, եկեք միասին գնալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ