ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Տավուշի մարզում, ուր այցելել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերուի պահպանման պայմաններին ծանոթանալու նպատակով։
Կովկասյան ազնվացեղ եղջերուներն այս տարվա մարտ ամսին էին տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման նպատակով։ Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ներմուծված կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ արու։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխումը նախատեսվում է 2018թ․ երկրորդ կեսին։
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» 2013 թ․-ին նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը շնորհավորել է բոլորին կենդանիների ներմուծման փաստի առիթով և այն կարևոր իրադարձություն է համարել, քանի որ երկար տարիներ կովկասյան ազնվացեղ եղջերուն բացակայում էր Հայաստանի լեռնաշխարհից և անտառներից։ «Այսօր շնորհիվ ՀՀ կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /WWF/, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) արդեն ունենք եղջերուների առաջին խմբաքանակը և նախատեսվում է նրանց թիվն շատացնել ոչ միայն բնական՝ բազմացման ճանապարհով, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից լրացուցիչ խմբաքանակներ բերելու շնորհիվ։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հետ՝ եվրոպական եղջերուների էգ առանձնյակներ ներմուծելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մեր բնաշխարհին սպասվում է ակտիվ վերականգնման շրջան՝ սրտացավ և նվիրված աշխատանքի շնորհիվ։ Իսկ այդ հաջողությունը մեր բոլորինն է, առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացունը, որովհետև ունենալով պաշտպանված շրջակա միջավայր, կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների թվի աճ՝ կունենանք միջազգային հեղինակության աճ է և մեր երկիր լրացուցիչ ներդրումների ավելացում»,- իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։ Արծվիկ Մինասյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ որսահանդակների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը տվել է իր դրական արդյունքները։ Մասնավորապես՝ նախորդ տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրված հրդեհի հետևանքով արգելվել էր հարակից տարածքներում որսը, ինչի արդյունքում պետական արգելոցում արդեն այս տարի արձանագրվեց կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Ըստ Ա․ Մինասյանի՝ առաջիկայում ավելի շատ տարածքներում են արգելվելու որսը և ուժեղացվելու հսկողությունը, որպեսզի Էկոմիջանցքները և դրանց հարակից տարածքները վայրի կենդանիների համար ավելի անվտանգ դառնան։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը տեղեկացրել է, որ եղջերուների բազմացման կենտրոնը մեկ հեկտար է, որտեղ պահպանվելու է եղջերուների մայրական կազմը՝ 3-4 արու և 10-11 էգ։ Ակնկալվում է, որ ամեն տարի կենտրոնում կունենան 9-10 ձագ, որոնք կտեղափոխվեն 9 հեկտար տարածքով ազատավանդակ, որտեղ կբացառվի նրանց շփումը մարդկանց հետ և մոտավորապես 3 տարուց եղջերուների վրա կտեղադրվեն ռադիոորսակներ /անվտանգությունն ապահովելու համար/ և նրանք բաց կթողնվեն վայրի բնություն։ Կ․ Մանվելյանը տեղեկացրել է, որ ազատավանդակները Էլեկտրական ցանկապատ ունեն՝ գիշատիչներից պաշտպանելու համար։ Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կովկասյան ազնվացեղ եղջերուն Հայաստանում համարվում է վերացված տեսակ և, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի անմիջական միջամտության շնորհիվ Իրանից առանձնյակների ներմուծմամբ, նրանց վերականգնման սկիզբ է դրվում։
Աշխատանքային խումբն ազգային պարկում մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության կազմակերպած համահայաստանյան ծառատունկ-շաբաթօրյակին։ Միջոցառման շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում ապրիլի 14-ին մոտ 36 հա տարածքում տնկվել է շուրջ 36 հազար տնկի (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։ Միջոցառումն իրականացվել է նախօրոք հայտարարված համահայաստանյան ծառատունկի միամսյակի շրջանակներում: Ծառատունկին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների, Անտառային պետական կոմիտեի՝ նախագահ Միքայել Մանուկյանի գլխավորությամբ, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ բոլոր մարզերում առկա անտառտնտեսություններում և բնության հատուկ պահպանվող տարածքներում։
«Դիլիջան» ազգային պարկում մոտ մեկ հեկտարի վրա ՀՀ բնապահպանության նախարարության, Անտառային պետական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների, Հաղարծին համայնքի դպրոցականների, Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամի քաղաքական դասընթացի ուսումնական ծրագրի մասնակիցների կողմից տնկվել է 2500 տնկի։
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտարարված համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի շրջանակներում նախատեսվում է շուրջ 85 հա-ի վրա իրականացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն