Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող քաղաքացիների հանրահավաքը:
«Կեսօրին դուրս եկանք Սերժին գտնելու, չգտանք, չգիտենք՝ ուր է: Ճանապարհին էլ փոխեցինք մեր կարգախոսը, եթե ասում էինք՝ քայլ արա, մերժիր Սերժին, հիմա ասում ենք՝ քայլ արա, գտիր Սերժին, առայժմ գտնող չի եղել, դրամական պարգեւ պետք է նշանակենք, որ այդ հարցը լուծենք»,- հանրահավաքի մեկնարկին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հայտնեց, որ իրենց շարժմանը միացել են ՀՀ միավորված կոմունիստական կուսակցության անդամները:
Հանրահավաքին ելույթ ունեցավ Գյումրու Ասպարեզ ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ հարցով դիմեց քաղաքացիներին՝ դուք հասցրել եք մերժել Սերժին, ապա շարունակեց, թե Մելիք Ադամյան փողոցն է մերժել Սերժ Սարգսյանին, ճարը կտրած մարդուն տարել են Ծաղկաձոր: Նա հիշեցրեց Սարգսյանի 4 տարի առաջ կատարած հավաստիացումը, թե ինքը ոչ մի հավակնություն չունի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, մի ամիս առաջ էլ կրկնեց, բայց, ըստ Լեւոն Բարսեղյանի, արի ու տես, որ կուսակցության մի 15 հոգի պնդում են, որ առանց Սերժ Սարգսյանի կյանք չկա.
«Լուրջ դիմակայություն է մեզ սպասվում, իրենց այսօրվա փախուստը պատահական չէր, կարող է ապրիլի 17-ին Դուբայ էլ գնան՝ ԱԺ նիստն այնտեղ անեն, որ այս ժողովրդին չհանդիպեն: Բոլոր նրանք, որ համարում են, որ վերջին տասը տարիներին Սերժ Սարգսյանը Հայաստանի գլխավոր վնասատուն է եղել, պետք է համախմբվեն, առայժմ մի կողմ դնեն իրենց մեջի անհաշտությունները, գան, հավաքվեն այստեղ, միանան այս բողոքին, այս մարդուն ճանապարհենք, մնա իր տանը, հետ մնացած հարցերը կլուծեն իրար մեջ»:
Նա կոչ արեց նաեւ «Ելքի» անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին միանալ պայքարին. « Հարգելիներս, հասկանալով ձեր դիրքորոշումը, կոչ եմ անում գալ, միանալ այս մարդկանց, այստեղ մարդիկ են, որոնք ձեզ քվե են տվել: Գո՞հ եք Սերժի կառավարումից, Եթե գոհ եք, մնացեք ԱԺ-ում, կողմ քվեարկեք… Բոլորը գիտեն՝ միայն 800 հեկտար ենք կորցրել, 106 մարդկային կյանք, վերջերս 1,5 հեկտար էլ կորցրինք, ըստ երեւույթին տվել են, որ մարդը գյուղատնտեսությամբ զբաղվի՝ կարտոլ, կակաչ, կանեփ ցանի, զբաղվի, այ մարդ գնա, զբաղվի, ինչ գործ ունես այս քաղաքականության հետ: ՀՀ-ն չպետք է ունենա ձախողված քաղաքական գործիչներ»:
Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարող ՀՀԿ-ականներին.
«Գալուստ Ոսկեբերանը, զարմանալի է, որ տարիներ շարունակ խորհրդարանը գլխավորում է մի մարդ, որը միայն հռհռոց է բերում, հարցնում են ինչու Սերժ Սարգսյանը, ասում է, որովհետեւ երկրին տեր է պետք, այդ մարդն ու իրնմանները մինչեւ հիմա գլխի չեն ընկել՝ ով է երկրի տերը, մենք ենք տերը էս երկրի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ