Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառել նոր պատժամիջոցների սահմանումը Սիրիայի դեմ՝ պայմանավորված այդ երկրի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառմամբ:
«Մեր ընդհանուր նպատակն է կանխել բռնության ցանկացած սրում, որը կարող է սիրիական ճգնաժամը վերածել լայնածավալ տարածաշրջանային հակամարտության ամբողջ Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով»,- ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ:
Մոգերինին հիշեցնում է, որ 2017թ. հուլիսին ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել սիրիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և գիտնականների նկատմամբ, որոնք կապ են ունեցել քիմիական զենքի մշակման և կիրառման հետ: ԵՄ հանձնակատարի խոսքով՝ Բրյուսելը միշտ պատրաստ է ուսումնասիրել նոր պատժամիջոցների սահմանումը:
Խոսելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիային հասցված հրթիռային հարվածի մասին՝ Մոգերինին նշել է, որ դրա միակ նպատակը եղել է կանխել Սիրիայի վարչակարգի կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը: Նա նշել է, որ Բրյուսելը աջակցում է քիմիական զենքի դեմ ուղղված բոլոր ջանքերին և խորապես ցնցված է, որ այն մինչ օրս կիրառվում է:
ԵՄ-ը կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին և Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը քիմիական զենքի կիրառման նոր դեպքերը կանխելու համար: Դա ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ