Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:
Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում:
Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:
Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթեց, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:
Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար: Պրն. Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորեց Եկեղեցու համախմբող դերակատարությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և տիար Արմեն Սարգսյանը խոսեցին նաև զանազան ծրագրերի մասին։
Հաջողություններ և արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը և համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արորղակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահն այցելեցին Մայր Տաճար:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի