Խանջյան փողոցում երթը շարունակող ցուցարարները, որոնք համախմբել են Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ, քիչ առաջ հասան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի առաջ, որտեղ երթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը խոսքն ուղղեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Դու քո խոսքի տերը չես, եթե խոսքիդ տերն ես, հեռացիր՝ հրաժարականի մասին խոստմանդ համաձայն: Դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը»,-ասաց նա:
«Ես ավելի լավ եմ ֆուտբոլ խաղում»,-հեգնեց Նիկոլ Փաշինյանը եւ մի «թսկած»՝ ցեխոտ գնդակ նետեց ֆեդերացիայի շենքի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես ասել էր. «Ի տարբերություն շատ-շատ մարդկանց, ես տղամարդ եմ ու իմ խոսքը պահել գիտեմ: Եթե իմ բերանից բան ա դուրս գալիս ու եթե չստացվեց, այո, գնալու եմ: Եթե ես չկարացա կարգավորեմ, այո, գնալու եմ: Այո, Հայաստանի առաջնությունում մտել ա տատալիզատորը. խայտառակություն ա, եթե չկարացա վերացնեմ՝ գնալու եմ: Եթե չկարացա հավաքականը կարգավորեմ՝ գնալու եմ… Իսկ ո՞վ ա ասում, որ ես երբեւիցե նման բան…հիմա էլ եմ կրկնում: Ես ավելին ասեմ՝ մի ամիս թող ձգվեր, էլի, էդ միտինգները՝ կգնամ ու կգան նրանք՝ տենանք ինչ են անելու, էն ժամանակ նոր կիմանաք .. Մեծ հաճույքով կգնայի, ուղղակի սենց թասիբի են գցել՝ չեմ գնալու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ