«Ցանկալի նորություն չէր, հուսանք՝ ամեն ինչ բարեհաջող կավարտվի,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սիրիայում ԱՄՆ ղեկավարած կոալիցիոն ուժերի կողմից հրթիռակոծությունը, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Դավթյանը: Նա խնդրի շուրջ հավելյալ հարցերի չցանկացավ անդրադառնալ:
ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ նա լրագրողների հետ զրույցում էլ նշեց, որ նախարարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է ռազմակրթական հաստատությունների արդիականացումը:
Դավթյանը նաեւ հայտնեց. «Պատիվ ունեմ» ծրագիրը նախորդ շաբաթ հաստատեց Կառավարությունը, ուստի առաջիկայում ձեռնամուխ կլինենք այդ ծրագրի ճանապարհային քարտեզի իրականացմանը»: Ի դեպ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն Aravot.am-ի հարցերին պատասխանել չցանկացավ, իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը միջոցառման ամբիոնը լքեց Վիգեն Սարգսյանի ելույթի մեկնարկից կարճ ժամանակ անց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ