Ցուցարարների հետ Հանրային ռադիոյի շենք մտած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին այդպես էլ ուղիղ եթեր մտնելու հնարավորություն չտրվեց, քանի որ եթերացանկ կխախտվեր, հայտարարություն արեց ռադիոյի եթերային ստուդիայից: «Սիրելի ժողովուրդ, ձեզ է դիմում նախկին քաղբանտարկյալ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այսօր 18:30-ին Ֆրանսիայի հրապարակում մասնակցեք հանրահավաքի: Արա քո քայլը, եւ ՀՀԿ-ն եւ հուսահատությունը կանեն իրենց հետքայլը»,-ասաց նա:
Լրագրողներից մեկը հարցրեց՝ «Հանրային ռադիոն մշտապես լուսաբանել է ընդդիմության հանրահավաքները, դուք բազմիցս հյուրընկալվել եք այստեղ, ինչո՞ւ եք հիմա նման որակումներ հնչեցնում»: Փաշինյանն էլ ձայնը բարձրացնելով պատասխանեց. «Հանրային ռադիոն երբեք չի համաձայնել մեր երթերի եւ հավաքների մասին հայտարարությունները եթեր հեռարձակել»: Լրագրողն էլ պնդեց, որ պատգամավորի՝ Հանրային ռադիոյի մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:
Ապա ցուցարարները լքեցին Հանրային ռադիոյի շենքը: Երթը շարունակվում է Երեւանի փողոցներում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ