Քիչ առաջ ցուցարարների հետ Հանրային ռադիոյի շենք մտած Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին, ներողություն խնդրեց պատճառած անհարմարության համար, ապա խնդրեց իրեն այս պահին ուղիղ եթեր տրամադրել: Խոսափողի մյուս կողմից մերժում ստանալով՝ Փաշինյանը կրկին ասաց. «Մարկ ջան, խնդրում եմ՝ մտածի եւ ուղիղ եթեր տուր»:
Ապա պատգամավորին մոտեցավ Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը եւ ասաց, որ չեն կարող խախտել ուղիղ եթերի՝ արդեն իսկ սահմանված ընթացակարգը, ուստի կարող են ուղիղ եթեր տրամադրել երեկոյան ժամը յոթին:
Նա նաեւ պնդեց, որ Հանրային ռադիոն երբեւէ որեւէ մեկի խոսքի իրավունքը չի սահմանափակել: «Դուռն ինչո՞ւ եք կոտրել»,-դժգոհեց Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալը, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վնասը կփոխհատուցեն:
Փաշինյանը պնդեց, որ հիմա պետք է ուղիղ եթերով ուղերձ հղի քաղաքացիներին: Ապա նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցին. «Իր ասածի իմաստն այն էր, որ մեր եթերը ոչ մեկ չի լսում, էլ ձեր ինչի՞ն է պետք ուղիղ եթեր մտնելը»:
Պատգամավորը նաեւ ասաց՝ հավանական է, որ գիշերը Ֆրանսիայի հրապարակում մնացող քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկեն, բայց եթե ժողովուրդն իր կամքն արտահայտի, Սերժ Սարգսյանը կհեռանա:
Այժմ ցուցարարները դեռ Հանրային ռադիոյի շենքում են, Փաշինյանն էլ ուղերձի բովանդակությունն է մշակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ