Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բողոքի երթի մասնակիցները փողոցում նկատեցին ՀՀԿ ներկայացուցչի եւ վազեցին նրա հետեւից, վերջինս էլ մտավ Հանրային ռադիոյի շենք: Ցուցարարները հետեւեցին նրան, սակայն առաջին հարկի աստիճանների վրա մի ոստիկան զենք պահեց Փաշինյանի եւ ցուցարարների ուղղությամբ: Ցուցարարներին հաջողվեց բարձրանալ երրորդ հարկ, որտեղ կոտրեցին միջանցքի դռներից մեկը:
«Ես ոչ մի բառով ոստիկանին չվիրավորեցի, ոչ մի վնասվածք չպատճառեցի: Ասացի՝ եթե պիտի կրակես-սպանես, սպանի»,-իրավիճակը հանդարտվելուց հետո հայտարարեց Փաշինյանը, ապա ցուցարարներին կոչ հղեց. «Որեւէ մեկը ոչ մի բանի ձեռք չտա, որեւէ ոստիկանի հասցեին թթու խոսք չլսեմ»:
Ապա Փաշինյանը ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի աշխատակիցներին՝ անհանգստություն պատճառելու համար. «Բայց սա բաց ձեռքերի մարտավարություն է: Այստեղ ենք, որովհետեւ բողոքում ենք այն փաստի դեմ, որ մեդիադաշտի մի հսկա զանգված դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»:
Հանրային ռադիոյի ոստիկաններից մեկը՝ Ղազարյան ազգանունով, մոտեցավ Փաշինյանին, լսեց նրա ներողությունը, ապա հորդորեց լքել շենքը: Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իրենք բողոքի գործողություն են իրականացնում ու իրեն պետք է ուղիղ եթեր տրամադրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ