Ֆրանսիայի հրապարակում այսօր շարունակվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնության անդամների, «Մերժիր Սերժին» նախաձեռնության եւ «Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր շարժման անդամների հավաքը: «Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն «թռած» էին Երեւանից, հիմա էլ՝ Ծաղկաձորից: Ասում ենք՝ գնանք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ շենքը շրջափակենք, «թռնում» են Ծաղկաձոր…Հինգ ժամ առաջ ասում ենք՝ ավտոերթով գանք Ծաղկաձոր, մեր հայտարարությունից անմիջապես հետո ՀՀԿ խորհրդի նիստ են անում ու Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրում վարչապետի պաշտոնում»,-դիմելով հավաքվածներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հետո արագ «վեշերը» հավաքում՝ Ծաղկաձորից են հեռանում: Հիմա ուզում ենք հասկանալ՝ որտե՞ղ են, որ իմանանք՝ որտե՞ղ շրջափակենք, բայց չենք կարողանում գտնել»,-շարունակեց նա: Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 16:30-ին Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում կհավաքվեն ավտոերթ իրականացնելու՝ «փնտրում եմ «հանրապետական»-ին» կարգախոսով:
«Սերժ Սարգսյան եւ «հանրապետական», պաշտոնապես հայտարարում ենք, որ ուզում ենք ձեզ շրջափակել, խնդրում եմ՝ հայտնեք ձեր կոորդինատները»,-հեգնեց Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ժողովրդի ճնշման դեպքում ՀՀԿ-ից շատ մարդիկ մենակ են թողնելու Սերժ Սարգսյանին: «Սիրտս «հանրապետական»-ին շրջափակել է ուզում»,-կրկին հեգնեց պատգամավորը, ապա ցուցարարները Երեւանի կենտրոնական փողոցներով երթ սկսեցին՝ «փնտրելով» ՀՀԿ-ականներին:
Հավելենք, որ այսօր 18:30-ին եւս հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ