Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Իրադարձության շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ: Հանդիպում-քննարկումը կվարի հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Նշենք, որ ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 12:00-ին:
«Հայաստանում մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաև հայկական երկրորդ հանրապետությունում: Եվ, ինչու ոչ, նաև արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ կներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:
Մամուլի հաղորդագրություն