Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդելեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:
ՀՀ նախագահի աշխատակազմ