Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը պարզաբանում է, թե ինչպես է 200 հազար դրամ ունեցվածքը դարձել 85 միլիոն

Ապրիլ 14,2018 14:27

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն արձագանքելով Aravot.am-ի «Ինչպես Գեւորգ Կոստանյանի ունեցվածքը 200 հազար դրամից դարձավ 85 միլիոն» հրապարակմանը, պարզաբանեց, թե ինչպես է գոյացել իր ունեցվածքը:

Մեր հրապարակմամբ, հղում անելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած  գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրերին, նշել էինք՝ Գեւորգ Կոստանյանը, 2011 թվականին, երբ զինվորական դատախազ էր եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, հարկային տարվա սկզբում «ուներ» ընդամենը 200 հազար դրամ, տարվա վերջում արդեն հայտարարագրել էր 25 միլիոն դրամ, իսկ դոլարով տարվա սկզբում 5000 դոլարն ինչպես կար՝ այդպես էլ մնաց մինչեւ տարեվերջ:

Կոստանյանն այս առնչությամբ վստահեցրեց, որ մինչ 2011 թվականը, իր ունեցվածքի մասին հաշվետվություն ներկայացրել է հարկային մարմիններին.«Ես որպես պաշտոնատար անձ, 2007 թվականից, երբ արդարադատության նախարարի տեղակալ էի, այնուհետեւ՝ ՀՀ նախագահի օգնական, այդ ժամանակվանից ներկայացրել եմ հարկային մարմիներին իմ գույքի եւ այլ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր, որտեղ կան բոլոր հիմքերն ու պատասխանները»: Ըստ Կոստանյանի՝ 2011 թվականի հայտարարագրի տվյալները վերաբերում են 2010- իր ունեցվածքին:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչպե՞ս 200 հազարից դրամական միջոցները մեկ տարում դարձան 25 միլիոն, Կոստանյանը վստահեցրեց. «Բնակարան եմ վաճառել»:

Մեր մյուս հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարագրում նշված չէ, որ տարի բնակարան եք վաճառել, Կոստանյանը վստահեցրեց՝ «Բնակարանը վաճառել եմ հայտարարագրի լրացնելուց ավելի շուտ, այսինքն՝ հայտարարագիրը լրացնելու տարում չեմ վաճառել: 2010 թվականին, երբ սկսեցինք լրացնել, չկար հարց՝ ի՞նչ ես գնել, ի՞նչ վաճառել: Կար պահանջ, թե այդ պահի դրությամբ որքան դրամական միջոցներ ունես եւ առկա գույքի մասին»:

Կոստանյանը ցանկություն հայտնեց պարզաբանել, թե իր 85 միլիոն դրամական միջոցներն ինչպես են գոյացել: Թեեւ Aravot.am-ը նշված նյութում անդրադարձել էր այս խնդրին, եւ նշել, որ Կոստանյանը անշարժ գույք է վաճառել, այնուամենայնիվ, վերջինս պնդեց մի փոքր մանրամասներ գրենք այդ մասին. «Ես վաճառել եմ երկու բնակարան, մեկը՝ 48 միլիոն դրամով, մյուսը՝ 34,4 միլիոն դրամով, եւ 2,8 միլիոն դրամ արժեքով մի ավտոտնակ, որոնց վաճառքից էլ գոյացել է 85 միլիոն դրամի իմ միջոցները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30