Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԱՄՆ-ի գլխավորած ուժերի՝ Սիրիային հասցրած օդային հարվածի հետ:
«Սիրիայի ժողովուրդը արդեն ավելի քան 6 տարի ավերիչ հարվածների, այդ թվում քիմիական հարձակման է ենթարկվում, որոնց մեծ մասը համարվում են պատերազմական հանցագործություն: Պետք է ձեռնարկվեն բոլոր նախազգուշական քայլերը՝ նվազագույնի հասցնելու ցանկացած ռազմական գործողությունից քաղաքացիների վնասները: Մարդիկ, որոնք արդեն իսկ ապրում են սարսափելի հարձակումներից իրենց կյանքը կորցնելու վախի մթնոլորտում, չպետք է հետագայում պատժվեն Սիրիայի կառավարության ենթադրյալ բռնությունների համար:
Միլիոնավոր մարդիկ արտագաղթել են Սիրիայից՝ փախչելով բռնությունից և հետապնդումներից: Թրամփի վարչակարգը չպետք է երես դարձնի տառապող տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից՝ շարունակելով արգելել փախստականների մուտքը ԱՄՆ: Ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերաբացի իր դռներն այն մարդկանց առաջ, որոնք փախչում են Սիրիայի բռնությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք ապրիլի 13-ին երեկոյան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ օդային հարված են հասցրել Սիրիայի քիմիական օբյեկտներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ