«Ինչպես խոստացել էի Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին օրից, ռազմական կրթությունը մշտապես գտնվելու է ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում: Դրա առաջին վկայությունը եւ մեր բոլորիս հաջողությունն է Դիլիջանի՝ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Այս պահին այս տարվա համար ունենք 10-րդ դասարան ընդունվելու 600 դիմում»,-ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ այսօր հայտարարեց Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Սա նշանակում է, որ մեկ տեղի համար իննը դիմորդ ունենք: Մենք ավելացնելու ենք ընդունելության թիվը՝ այն հասցնելով 100-ի: Վստահ եմ, որ լուրջ մրցակցություն կլինի այդ տեղերում սովորելու համար»,-հավելեց Վիգեն Սարգսյանը: Ապա նա նշեց, որ հաջորդ քայլը լինելու է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի նյութատեխնիկական բազայի բարելավումը: Այդ առիթով էլ այսօր համալսարանի տարածքում նոր զորանոց բացվեց:
«Ամեն օր աշխատելու ենք նաեւ մանկավարժական ներուժն ամրապնդելու ուղղությամբ: Առաջիկա շաբաթում կսկսվեն աշխատանքները նաեւ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ նոր ենթակառուցվածք ձևավորելու, ուսումնական եւ կենցաղային նոր պայմաններ ստեղծելու համար»,-տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ