Ներկայացնում ենք հատված Երեւանի ավագանու ՀՀԿ խբակցության անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի հետ հարցազրույցից.
-Պարոն Ազարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանի դեմ տասներկուօրյա քայլարշավից հետո այսօրվանից (երեկվանից) շուրջօրյա նստացույցներ է սկսում․ ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությանը կհաջողվի՞ կանխել Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը։
-Իհարկե, տեղյակ եմ ակցիաներից, բայց պետք է մի քիչ հետ գնամ եւ հիշեցնեմ 2008-ը․ երբ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջին անգամ ներկայացված էր նախագահի պաշտոնում, ես դեռ կապ չունեի քաղաքականության հետ, փաստաբանական աշխատանքով էի միայն զբաղված, Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահն էի եւ Հայաստանի փաստաբանների միավորման հիմնադիր նախագահը, Թեքեյան կենտրոնում հրավիրել էինք բոլոր երկրների դեսպաններին եւ հայտարարեցինք, որ մենք՝ բոլոր իրավաբաններս, պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանին։
Մենք չէինք կարող գործընկեր փաստաբանների հետ անտարբեր մնալ երկրի զարգացման հետագա ուղուն․ լինելով ակտիվ փաստաբաններ, որոնք դատարաններում պաշտպանում էին քաղաքացիների իրավունքները, որոշեցինք անտարբեր չմնալ երկրի ճակատագրին։ Մեզ համար միանգամայն ընդունելի դարձան Սերժ Սարգսյանի ներկայացրած նախընտրական ծրագիրը, գաղափարները եւ նրա անցած ուղին՝ պատերազմից սկսած մինչեւ այդ օրերը։ Ի դեպ, այն ժամանակ էլ կային կարծիքներ, տրամադրություններ, ինչպես հիմա է՝ փողոց դուրս գալ, բողոք անել եւ այլն։ Ինչպես այն ժամանակ էինք մենք ասում, հիմա էլ միտինգ անողները պետք է հաշվի առնեն՝ իսկ եթե Սերժ Սարգսյանի համախոհները, կուսակցականները միտինգ անեն, պատկերացնո՞ւմ եք ինչքան մարդ փողոց դուրս կգա, ի վերջո, Սերժ Սարգսյանի համախոհները միայն կուսակցականները չեն, այլ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, ընկերներ եւ, վերջապես՝ իմ նման սովորական մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն։
-Դուք է՞լ եք ակտիվ ՀՀԿ-ականների պես կարծում, որ Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության երաշխավորության տեսանկյունից անփոխարինելի է։
-Ժամանակին մենք ասում էինք, որ՝ այո, Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, այդ ձեւակերպումը մենք դրել ենք մեր կազմած հայտարարության տեքստում։ Կան անձնավորություններ, որոնք դուրս են մրցակցությունից, հետեւապես՝ անփոխարինելի են։ Մրցակցությունից դուրս են գիտնականները, կոմպոզիտորները, նկարիչները, մրցակցությունից դուրս է Նարեկացին, դուրս է նաեւ Սերժ Սարգսյանը՝ որպես ռազմական եւ քաղաքական գործիչ։ Եթե փորձեք համեմատություն անել ղարաբաղյան շարժումից մինչեւ այսօր, այո՝ չկա իր նման երկրորդը, ինքը, հետեւաբար, մրցակցությունից դուրս է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում