Ապրիլի 13-ին երեկոյան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հարված են հասցրել Սիրիային: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը:
«Երեկոյան ժամը 9-ին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միասին հարված են հասցրել այն սիրիական օբյեկտներին, որոնք առնչություն ունեն քիմիական զենքի արտադրության հետ. առաջին թիրախը եղել է քիմիական զենքի լաբորատորիան»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետսիսը:
Նա նշել է, որ օբյեկտներն ընտրվել են այնպես, որ «նվազագույնի հասցվի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները»:
Ընդ որում, կոալիցիան ռուսական կողմին տեղյակ է պահել նախատեսվող թռիչքների մասին, բայց չի հայտնել՝ որտեղ են հարված հասցնելու:
«Մենք ունենք հետախուզության տվյալներ, և ես համոզված եմ, որ սիրիական վարչակարգը քիմիական զենք է կիրառել, բայց մենք վստահ չենք, որ դա եղել է միայն մեկ քիմիական նյութ»,- ասել է Մետիսը:
Նա հավելել է, որ իրենք մշտական կապի մեջ են գործընկերների հետ, բայց առայժմ հետագա հարվածներ չեն նախատեսվում:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնում է, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է 3 գիտահետազոտական կենտրոն՝ 2-ը Դամասկոսում, մեկը՝ Հոմսում, ինչպես նաև ռազմաբազաներ Դամասկոսում:
Ակտիվիստները հայտնում են, որ բոլոր օբյեկտներից մարդիկ այս շաբաթ ավելի վաղ տարհանվել էին:
Սիրիական պետական հեռուստաալիքները հայտնում են, որ օդային հարվածների հետևանքով Հոմսում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ այդ հարվածն անպատասխան չի մնա:
«Մեր վատագույն սպասումներն արդարացան: Մեր նախազգուշացումները չլսեցին: Իրականացվում է նախապես ծրագրված սցենար: Մեզ կրկին սպառնում են: Մենք զգուշացրել էինք, որ այդպիսի գործողություններն անպատասխան չեն մնա: Դրանց ամբողջ պատասխանատվությունը կկրեն Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը»,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ: Դեսպանը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահի նատմամբ հարձակումներն անընդունելի և անթույլատրելի են:
Ավելի վաղ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալենքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հարվածել բոլոր հրթիռները: Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն էլ ասել էր, որ «Սիրիայում ռուս զինվորականների նկատմամբ վտանգի առաջացման դեպքում» կրակ կբացվի ոչ միայն հրթիռների վրա, այլև դրանց կրիչների: Բացի Լաթաքիայում Տարտուսի և Հմեյմիմի ռազմաբազաներից, որտեղ գտնվում է Սիրիայում ռուսական կոնտինգենտի հիմնական մասը, ռուս զինվորականներն օգտագործում են նաև Ալ-Շայրաթ (Հոմսում) և Թիյաս (Պալմիրա) օդակայանները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հարվածել բոլոր հրթիռները ??????????