Մեր իրականության մեջ թացն ու չորն այնքան են իրար խառնված, որ երբեմն դրանք տարանջատելու անհրաժեշտություն է առաջանում, որովհետեւ, ըստ գիտնականների (ոչ բրիտանացի), ցանկացած մարդու ուղեղ կարող է տեղեկատվությունն ընկալել երեք եղանակով․ 1/ եթե տեղեկատվությունը չափից դուրս պարզ է, մենք այն արհամարհում ենք, 2/ եթե տեղեկատվությունը մեզ համար չափից դուրս բարդ է, մենք հակված ենք այն պարզեցնել, 3/ եթե տեղեկատվությունը, մեր կարծիքով, մեզ համար որեւէ վտանգ է ներկայացնում, մենք կանգնում ենք երկընտրանքի առջեւ՝ խփել կամ փախչել, մտնել կռվի մեջ կամ խուսափել դրանից։ Թեմայի համատեքստում մեզ հետաքրքրում է երկրորդ տարբերակը՝ բարդ բաները պարզեցնելու մեր ուղեղի ունակությունը։
Հատկապես համացանցում, որտեղ ակնհայտորեն առկա է շտապողականությունը, տեղեկատվության մակերեսային հայացք գցելուց հետո պարտադիր կարծիք հայտնելը, հասարակական, քաղաքական երեւույթները պարզեցվում են, եւ այն, ինչ պահանջում է լուրջ խոհեր ու տքնաջան աշխատանք․ ներկայացվում է որպես պարզ, «մեկ քայլանոց կոմբինացիա»։
Բայց եթե քաղաքականության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան ներկայացվում է, ապա հավատի, ընդհանրապես հոգեւոր կյանքում առավել եւս սխալ է, ինձ թվում է, երեւույթներին մոտենալ՝ պարզունակ դատողություններ անելով, ամեն ինչ մի «բոխչայի» մեջ հավաքելով։ Եվ այստեղ է, որ պետք է զանազանել թացն ու չորը։ Մասնավորապես, այն, որ ներկայիս կաթողիկոսը եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ իշխանական օլիգարխիայի «սովորական» ներկայացուցիչներ են, նույնքան արծաթասեր եւ չտես, դեռեւս հիմք չէ աթեիստ լինելու համար։ Ավելին՝ հիմք չէ Հայ առաքելական եկեղեցին չհարգելու համար։ Չնայած ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը պնդում էր, որ կարելի է հավատալ՝ չշփվելով «պաշտոնական» եկեղեցու ներկայացուցիչների հետ, անձամբ ես դեմ եմ նման արմատականությանը՝ մենք ունենք բազմաթիվ արժանի հոգեւորականներ, հիմնականում «շարքայինների» մեջ։
Եվս մի «ջրբաժան», որը գուցե կօգնի խուսափել իրերը չափից դուրս պարզունակ ներկայացնելուց։ Եթե մարդը հավատացյալ է, դա չի նշանակում, որ նա հավատում է, իբր ատամնացավը հնարավոր է բուժել աղոթքներով կամ աղոթած ջրով։ Հավատը ատամնացավ բուժելու համար չէ, ոչ էլ քաղքենիական ստանդարտներով «հաջողության» հասնելու համար։ Հավատով տրված հաջողություններն այլ ոլորտից են։ Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իբր Երևանում ոչինչ տեղի չի ունենու՞մ: Էա պահի ամենակարևոր թեման սա է՞:
Սկզբում պետք է ունենալ ունակություն՝ թացը տարանջատելու չորից եւ գիտելիք՝ հավատքը տարանջատելու կրոնից:
«Через губу» խոսելը Լեւ Տոլստոյի արմատականության դեմ, ինձ հիշեցնում է իշտղեցի Բարխուդարի հերոսապատումը:
Հա բա… սա ինձ` ընթերցողիս հուզող կարևորագույն թեման էր…
Պարոն Աբրահամյան, հարգում եմ ձեզ` թեմաներն օբյեկտիվ ու արդար լուսաբանելու համար, բայց այս քանի օրը ասես դիտմամբ, որոշակի անցուդարձ ասես չնկատելու եք տալիս: Իհարկե ձեր իրավունքն է, գրել այն ինչ հարկ եք համարում, բայց և ընթերցողի իրավունքն է ձեզանից դեպքերի լուսաբանում և վերլուծություն ակնկալելը: Ի վերջո դուք ինքնանպատակ, ձեր համար չեք գրում, այլ մեր համար… թե սխալվում եմ?
Ինչ առաքելական եկեղեցուն է վերաբերվում, ապա այն մեդալ է երկու երեսով: Անուրանալի է այդ եկեղեցու դարավոր վաստակը Հայաստանում քրիստոնեության տարածման ու պահպանման հարցում` մանավանդ վաղ միջնադարում: Մինչև 18-րդ դարի վերջ հայաստանոմ գիտության և լուսավորության միակ ու բացառիկ աղբյուրն էր այն: Առաքելական եկեղեցու հայրերի աշխատությունները լրացնում են համաշխարային հոգևոր գրականության գրադարանները:
Մյուս կողմից այս եկեղեցին հիմնվել է հեթանոսության կիսաքանդ հիմքերի վրա (նաև բառիս բուն իմաստուվ) Բազմաթիվ հեթանոսական ծեսեր պարզապես քրիստոնեացվել են: Ծեսեր` որոնք աստվածաշնչյան չէ և ավելին` զազրելի են Աստծու աչքերին (Բ. Օրինաց 18։10 անիծվի այն մարդը, ով իր տղային կամ աղջկան կրակի վրայից կանցկացնի):
Կոռուպցիան եկեղեցում մի առանձին ու երկար թեմա է, ոչ միայն առաքելականում, այլև տիեզերական եկեղեցում: Այդուհանդերձ, եկեղեցին մարդկային մտահաղացում չի, այլ Աստվածային “Հիսուսն ասաց` Ասում եմ քե’զ, դու Պետրոս (ժայռ) ես ու այդ հիմքի վրա ես կառուցեմ իմ եկեղեցին, որին դժոխքի դռները չէ կարողանա հաղթել”:
Պարզապես եկեղեցին կազմված է մարդկանցից, որոնք չնայած իրենց ձգտմանն առ կատարյալը, միևնույն է, սովորական մարդ են, ենթակա ամեն մեղքի: