Արեւի լույսն այդ օրը լուսնային գունատությամբ էր հայտնաբերում աշխարհը, քանի որ լեռն Արարատ սկսել էր ծխալ:
– Եկել է ժամանակը, եւ հասունացել է պահը, քանզի արթնացել է Սրբազան լեռը,- հավաքված զինականների եւ ժողովրդի դեմ կանգնած՝ Կարմիր բլուրի բարձունքից խոսում էր Արի-ան-ար Քուրմ Թագավորը: Նրա մազերը ճերմակ էին, եւ ճերմակ էր մորուքը: Մունետիկները բլուրի չորս կողմը կանգնած բարձրաձայնում էին առաջնորդի խոսքերը, որ բոլորը լսեն: Իսկ Լեռը ծխում էր խաղաղ, ինչպես թոնրատնից ելնող ավետաբեր ծուխ:
– Դուք բոլորդ գիտեք մեր հայրերի թողած մեծ պատգամը, որն ասում է, թե՝ երբ Լեռը նորից ծխա, մենք պիտի ճամփա ընկնենք:
Քուրմ Արքայի ձայնը, մունետիկների բերանից թավալվելով, կանգնածների գլխների վրայով մարմրում ու հասնում էր մինչեւ ամենահեռվում կանգնած վերջին մարդը:
– Այսօր, այո, հենց այսօր ես ձեզ հավաքել եմ՝ ասելու, որ ձեզանից շատերը ճամփա պիտի ելնեն եւ գնան դեպի աշխարհի չորս կողմերը՝ մեր խոսքը, մեր սերմն ու գիտությունը տարածելու անտեղյակ ցեղերի մեջ: Ասված է, որ մենք, մեր ցեղը եւ մեր Աստծուն պետք է ճանաչելի դարձնենք օտարներին, եթե իրենց հոգիներում մեր Աստծու համար տեղ կա: Իսկ եթե չկա՝ մի՛ փորձեք ոչնչացնել նրանց, որովհետեւ ցեղերն այդ սարսափում են անհայտից, իսկ դուք նրանց կյանքում հայտնվելու եք որպես անհայտ, քանի որ շատ եք հայտնի:
Քուրմ Թագավորը մի պահ լռեց՝ ուղղելով ուսից իջնող ծիրանին, եւ շարունակեց խոսքը.
– Երբեք արյուն չթափեք եւ չստեղծեք ձեզ համար թշնամիներ, քանի որ ձեր թշնամիները կսկսեն ղեկավարել ձեզ, այնինչ ձեր առաքելությունն Արարատյան է: Դուք կլուծվեք նրանց մեջ, ինչպես մեղրը կենդանի ջրում, դուք կփոխեք նրանց խղճուկ կյանքը, կդարձնեք ձիավորներ, բրոնզե սուր կշնորհեք նրանց եւ աստղերը ճանաչելու գաղտնիքին կծանոթացնեք, դա՛ է մեր արիական սերմի ճակատագիրը: Իհարկե, դուք կմեռնեք, ինչպես մեռնում են բոլորը, բայց ձեր զավակները նոր թագավորությունների եւ նոր պետությունների հիմնադիր կդառնան:
Քուրմ Թագավորի ձայնն արդեն լսվում էր առանց մունետիկների, եւ այն հնչում էր այսպես.
– Ձեր քաղաքներն ու մեհյանները կառուցեք կենդանի ջրերի ափերին՝ հիշելով, որ ձեր ազնվացեղ ձիերը պղտոր ջրեր չեն խմում…
Արի-ան-ար Քուրմ Թագավորը շարունակում էր խոսել, իսկ Լեռը ծխում էր, եւ ժողովուրդը՝ սպասում…
Այո՜, Լեռը ծխում էր, իսկ ժողովուրդը՝ սպասում:
– Ես ձեզ՝ գնացողներիդ, հանձնում եմ մեր հայրերի թողած բանավոր գիտությունը, հանձնում եմ նաեւ մեհենագրերը, որպեսզի դուք չմոռանաք արիական տասներկու պատվիրաններից ոչ մեկը եւ տարածեք այլազան ցեղերի մեջ,- շարունակում էր խոսքը Թագավոր Քուրմը.
– Սիրե՛ք մեր Աստծուն, ում անունը Հայ է, եւ ում ուսերից իջնում են երկու կենդանի գետեր:
– Մեր Աստծուն մի՛ դարձրեք կուռք, քանի որ նա Կենդանի է եւ Հավերժական, եւ չլինի այնպես, որ մեր Աստծու անունից վաղը հալածեք ձեզանից հետո եկողներին:
– Մի՛ վախեցեք, քանզի վախն է բոլոր արատների սկիզբը:
– Մի՛ սպանեք:
– Մի՛ շնացեք:
– Մի՛ երդվեք Աստծու անունով, եթե ստիպված եք սուտ վկայություն տալ:
– Աստծու անունը անտեղի մի՛ հնչեցրեք, եթե ձեր սիրտն ու հոգին ներդաշնակ չեն ձեր խոսքին:
Արի-ան-ար Քուրմ Թագավորի ձայնը այնքան հանդիսավոր էր, որ մունետիկները այլեւս չէին բարձրաձայնում, քանզի լսելի էր ամենահեռվում կանգնած մարդուն, ով ուզում էր լսել:
– Օգնե՛ք ձեր թշնամուն, որ ձեզ չատի:
– Մի՛ նախանձեք ձեր ընկերոջ ունեցվածքին, այլ փորձեք հավասարվել նրան:
– Սիրե՛ք ձեր հորն ու մորը եւ ձեր խոսքն ու ունեցվածքը փոխանցեք ձեր զավակներին:
– Ունեցած մարգարիտները շաղ տվեք նույնիսկ շների առաջ՝ հավատալով, որ նրանք էլ մի օր կմարդեղանան:
Թագավոր Քուրմը մի պահ լռեց եւ ասես հազարամյակների խորքից եկող հայացքով նայեց իր դիմաց խոնարհաբար կանգնած արիներին.
– Ես հնչեցնում եմ վերջին պատվիրանը մեր հայրերի.
– Մի՛ մոռացեք, որտեղ էլ լինեք, մի՛ մոռացեք Արարատ լուսավոր լեռը, որի սրբազան ձյուների պահապանը ձեր հավերժ հայրերն են: Հիմա գնացողներդ վերջին անգամ նայեք Սրբազան լեռանը, պահեք պատկերը ձեր աչքերի մեջ, որ ձեր աչքերով փոխանցվի ձեր զավակներին,- Քուրմ Թագավորը մի պահ լռեց, եւ նրա ձայնը հուզմունքից կերկերաց:
– Հիշեք, որ այլեւս երբեք չեք տեսնելու Արարատ սուրբ լեռը: Բայց մի՛ մոռացեք ձեր եղբայրներին, որ ինձ հետ մնալու են հայրենիքում՝ մաքուր պահելու արիական աշխարհաստեղծ սերմի բագինը:
Թագավոր Քուրմը դարձյալ լռեց, եւ մի պահ կարծես քամի անցավ բոլոր կանգնածների վրայով՝ խոնարհելով նրանց գլուխները.
– Ձեզ բարի ճանապարհ,- մի տեսակ օտարացած ձայնով շարունակեց Թագավոր Քուրմը,- ձեզ սպասում են տրտում ժողովուրդներ, որոնց դուք պետք է արթնացնեք մոռացության քնից: Ասված է, որ դուք այլեւս չեք վերադառնալու ձեզ սնած երկիրը, քանի որ ձեր հայրենիքը այլեւս կդառնա աշխարհը, իսկ ձեր սերմը՝ աշխարհի լուսատուն:
Այսպես խոսում էր Արի-ան-ար Քուրմ Թագավորը…
Եվ դա մեր տեր Հիսուս Քրիստոսի ծննդից տասը հազար տարի առաջ էր, երբ արթնացել էր Սրբազան լեռը, եւ հավերժական ձյուների պահապանը ճանապարհ էր դնում իր զավակներին, որոնք այլեւս երբեք չէին վերադառնալու:
Իսկ Լեռը շարունակում էր ծխալ…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
13.04.2018
Լեռը հիմա չի ծխում , բայց զավակները գնում են ..անվերադարձ ..մի կտոր չոր հաց գտնելու. համար իսկ թագավորը չկա..