«Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ իշխանության մնալու փաստը, ձգտումն ու հավակնությունն այն մեկնակետն է, որը հիմնականում ընկած է զեկույցի բացասական գնահատականի հիմքում»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը:
Հիշեցնենք` Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ մեկ օր առաջ հրապարակած անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ զեկույցում բավականին խիստ գնահատականներ են տրված Հայաստանին: Փաստաթղթում ամրագրված է. «Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը եւ Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ»:
Հարցին՝ ընդհանրապես ի՞նչ ազդեցություն եւ կշիռ ունեն Freedom House-ի զեկույցները, քանի որ, մասնավորապես, այս անգամ բավականին խիստ գնահատական է տրվում Հայաստանին, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Իրենք իրենցով այս զեկույցները կարեւոր են: Պետություններն իրենք են հաճախ հղում կատարում նման զեկույցներին՝ ցույց տալու իրենց առաջադիմությունը եւ երկրի ներսում տեղի ունեցող փոփոխությունները: Վերջերս մի շարք եվրոպական կառույցների ցույց տալու համար ՀՀ-ն հղում էր կատարում, թե նույն Արեւմուտքը դրական է վերաբերվում ՀՀ բազմավեկտոր քաղաքականությանը, որը փորձում է համադրել եվրոպական եւ եվրասիական վեկտորները»:
Ըստ փորձագետի՝ նման զեկույցները տհաճություն են պատճառում ցանկացած իշխանության, հատկապես, երբ այդ իշխանությունն իր երկրի ներսում ունի լեգիտիմության հետ կապված խնդիրներ. «Պարզ է, որ նման զեկույցներն առաջին հերթին ամրապնդում են այս կամ այն երկրի ընդդիմության դիրքերը, որոնք քննադատողի դիրքերից են խոսում: Գլոբալ առումով մեզ նման երկրներն ունեն նաեւ իմունիտետ՝ անտեսելու նման զեկույցները, հաշվի չառնելու կամ ասելու, որ դա կարծիք է ընդամենը, կա նաեւ այլ զեկույց, եւ պետք չէ հիմնվել նման զեկույցների վրա: Երբ անհրաժեշտ է երկրի իշխանություններին ամենուր ու ամեն օր թմբկահարել որեւէ զեկույց, որտեղ դրական առաջընթաց է գրանցվում, դա արվում է, բայց անտեսվում է ցանկացած մեկ այլ զեկույց, որտեղ իշխանությունները քննադատվում են»:
Հարցին՝ ՀՀ-ի հետ կապված իրավիճակը չափազանցվա՞ծ է, թե՞ այնուամենայնիվ իրականություն է, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Freedom House-ի չափորոշիչները տարբեր են, եւ դրանց հիման վրա են եկել այդ եզրակացության: Ինչ վերաբերում է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, դրա մասին առաջին անգամ չէ, որ ասվել է՝ ժողովրդավարական ինստիտուտները, մեղմ ասած, կաղում են: Ընդհանրապես ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը Հայաստանում լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, ՀՀ-ում գլոբալ առումով զարգանում է ավելի ուղղաձիգ կառավարումը»:
Դառնալով խորհրդարանական կառավարմանը՝ պարոն Մելիքյանը նկատեց. «Իշխանությունը, եթե տվյալ պարագայում խոսենք Սերժ Սարգսյանի մասին, վարչապետ դառնալու պարագայում ունենում է ավելի շատ իշխանություն եւ ավելի քիչ պատասխանատվություն, ինչը շատ վտանգավոր է ընդհանրապես ժողովրդավարության համար՝ մի կողմից, մյուս կողմից՝ մասնակցային ժողովրդավարությունը եւս զիջում է: Դա ՀՀ-ի նման երկրների համար է վտանգավոր, որտեղ վստահություն չկա պետական ինստիտուտների հանդեպ: Խնդիրներ կան պատվիրակված ժողովրդավարության հետ կապված, երբ ինստիտուտներն են իրականացնում գործառույթները, եւ մարդիկ ուղղակիորեն կարողանում են միայն մասնակցել խորհրդարանի ձեւավորմանը: Այս պարագայում խնդիրն ավելի բարդանում է, քանի որ մարդիկ, քաղաքացիները մասնակցային ժողովրդավարության առումով հետընթաց են ապրում. չեն մասնակցում գործընթացներին, եւ քանի որ չեն վստահում պետական ինստիտուտներին, դրանք էլ սկսում են չարաշահել իրենց ունեցած լիազորությունները: Սա շատ վատ միտում է, որը նաեւ պարզ է դառնում զեկույցից, ինչը կապված է կոնկրետ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու փաստի հետ»:
Հարցին՝ նման զեկույցներ ունենալու պարագայում Հայաստանն առաջիկայում վարկանիշի հետ կապված խնդիրներ չի՞ ունենա, պարոն Մելիքյանը պատասխանեց՝ ունենալու է, եւ հավելեց. «Վարկանիշի հետ կապված խնդիրներ ունենք անընդհատ, թեեւ եվրոպացիների խոսքն անընդհատ մեր պաշտոնյաները մեջբերում են, օրինակ՝ այն գովասանքի խոսքերը, որ հնչեցրին ՀՀ-ի՝ մասնավորապես արտաքին քաղաքականության մասով, բայց իրենք անտեսում են այն փաստը, որ դա չի խոսում ՀՀ ժողովրդավարության մասին»: Մեր հիշեցմանը՝ զեկույցում մտահոգություն կա այն մասին, որ ՀՀ-ն առաջընթաց չի արձանագրել ո՛չ թափանցիկ ընտրությունների, ո՛չ արդարադատության, ո՛չ մամուլի ազատության, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ընդհակառակը՝ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ, պարոն Մելիքյանն արձագանքեց. «Այս հիվանդությունները նորություն չեն: Բոլոր այդ հիվանդությունները տարբեր տարիներին տարբեր դինամիկա են ունեցել: Ու ցավալի է, որ իշխանությունները շատ քիչ հետեւություններ են արել նախորդ զեկույցներից: Մենք տեսել ենք՝ հիմնականում իշխանությունը շատ ուշադրություն է դարձնում այն զեկույցների վրա, որտեղ քիչ թե շատ առաջընթաց է արձանագրվում, բայց հետընթաց արձանագրող զեկույցների դեպքում այնպես չէ, որ լուրջ քննարկումներ են անցկացվում խորհրդարանում, ուղիներ փնտրում լուծման, այլ ուղղակի անտեսում են»:
Հարցին՝ ո՞րը պետք է լինի մեր իշխանությունների արձագանքը, որպեսզի նշված խնդիրները մեղմվեն եւ դրանց լուծման ուղիներ մշակվեն, պարոն Մելիքյանը հավաստիացրեց՝ դա համալիր լուծում է պահանջում. «Արձագանքը կարող է լինել տարբեր. խնդիրն այն է՝ արդյոք իշխանությունն ունի՞ այդ ցանկությունը, քաղաքական կամքը իսկապես լուծելու այդ խնդիրները, օրինակ՝ կոռուպցիոն, մենաշնորհի հարցը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, արդարադատության համակարգում իրական բարեփոխումներ անելը. սրանք հարցեր են, որոնք պիտի ուղղել իշխանությանը: Եվ եթե իշխանությունը մոտավորապես երեսուն տարիների ընթացքում կանգնած է նույն կոտրած տաշտակի առջեւ, դա նշանակում է՝ խնդիրը շատ ավելի խորն է, քան կարող ենք պատկերացնել: Խնդիրը համակարգային է»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
13.04.2018