Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողը շփոթվել է եւ Արազ Ալիզադեին անվանել «կին թեկնածու»

Ապրիլ 14,2018 15:30

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝
մինչեւ տարեվերջ դժվար թե ԵՄ-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց ապահովվի՝ Արցախի հարցի շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով:

– Երեկ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում բնակչության 80-ից ավելի տոկոսը քվեարկեց գործող նախագահ Իլհամ Ալիեւի օգտին: Անսպասելի չէ՞ր, որ Իլհամ Ալիեւը 100 կամ գոնե 98 տոկոսանոց արդյունք չգրանցեց: Հետեւե՞լ եք ընտրությունների ընթացքին, ի՞նչ տպավորություններ ունեք:

– Ըստ Ադրբեջանի ԿԸՀ նախնական տվյալների՝ Ալիեւը ստացել է ձայների 86 տոկոսը, եւ կարելի է այդ առթիվ երկու ենթադրություն անել. կա՛մ իշխանությունը թվաբանություն է արել, որպեսզի ընտրություններին օրինականության երանգ տա, կա՛մ իրավիճակն այնպիսին է, որ հասարակությանը բացարձակապես անհայտ մարդիկ, համենայնդեպս, 2 տոկոս ձայն են ստանում, ինչը վկայում է ընդդիմադիր տրամադրությունների առկայության մասին: Քանի որ ընտրություններն արտահերթ էին, ինստիտուցիոնալ ընդդիմությունը կազմակերպվելու եւ լուրջ քարոզարշավ անցկացնելու ժամանակ չունեցավ եւ որոշեց բոյկոտել, հակված եմ երկրորդ ենթադրությունը հիմնավոր համարել: Եվ այս առումով Ալիեւը շատ փխրուն հաղթանակ է ունեցել: Ադրբեջանում իրավիճակի փոփոխության ցանկացած պահի կարող են անկառավարելի գործընթացներ սկսվել:

– Այս ընտրություններով ի՞նչ ընթացք է սպասվում Ադրբեջանում ներքաղաքական զարգացումների առումով. ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների եւ ազատ մտածող մտավորականների վրա ճնշումներն ավելի կսաստկանա՞ն, առհասարակ մարդու իրավունքների մասով ի՞նչ խճանկար կառաջանա:

– Ըստ տեղեկությունների՝ սպասվում է, որ անկախության 100-ամյակին ընդառաջ՝ Ալիեւը հանդես կգա համաներման նախաձեռնությամբ: Ներկայումս Ադրբեջանում 161 քաղբանտարկյալ կա, որից 12-ը լրագրող է: Ովքե՞ր կազատվեն պատժի հետագա կրումից՝ ոչ ոք չի կանխատեսում: Բայց ամեն դեպքում դա կլինի ցուցադրական ակցիա, Ադրբեջանում ոչինչ չի փոխվի: Մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների թեման այդ երկրում փակ է: Ցանկացած ոչ ստանդարտ քայլ գնահատվում է «պետական դավաճանություն»: Հասարակությունը բացարձակապես իրավազուրկ է, համամարդկային արժեքները՝ ոտնահարված: Դա տարածաշրջանի կայունությանը, միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգ է, որը, ցավոք, լրջորեն չի ընկալվում, եւ համարժեք քայլեր չեն արվում: Եթե այսպես շարունակվի, ապա որոշ ժամանակ անց աշխարհը գործ է ունենալու մի նոր Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի հետ:

– Ի դեպ, ԵԽԽՎ-ն հրաժարվել էր դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան, իսկ հուլիսին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մասով զեկույց պետք է ներկայացվի: Նաեւ տարեվերջին սպասվում է ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը: Այս իներտ վիճակն ի՞նչ զարգացումների կտանի:

– Չեմ կարծում, թե մինչեւ տարեվերջ ԵՄ-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց ապահովվելու է: Այստեղ լուրջ տարաձայնություններ կան՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը պնդում է, որպեսզի համաձայնագրի պրեամպուլայի ԼՂ կարգավորման մասին ձեւակերպումներում շեշտվի տարածքային ամբողջականության գերակայությունը: Հայաստանի հետ համաձայնագրում, մինչդեռ, ընդգծված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը, եւ Եվրամիությունը կարծես չի պատրաստվում Ադրբեջանի համար այլ մոտեցում որդեգրել: Իսկ եթե այդ հարցում առաջընթաց չլինի, ապա Ադրբեջանը կորցնում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու շահագրգռվածությունը: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, ապա այդ կառույցի մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցողը նախագահական ընտրությունների դիտորդ է եղել եւ թեկնածուներից մեկի սեռը շփոթել է. Արազ Ալիզադեին անվանել է «կին թեկնածու»: Այս փաստը բավական է, որպեսզի պատկերացում կազմենք, թե ի՞նչ որակի եւ մակարդակի դիտորդություն է իրականացվել:

– Այս երկարաժամկետ վերընտրությունից հետո ի՞նչ սպասել Իլհամ Ալիեւից հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ արցախյան հարցի բանակցությունների մասով՝ նկատի ունենալով նրա ռազմատենչ հայտարարությունները եւ Նախիջեւանի մասում տեղի ունեցած վերջին շարժերը:

– Տպավորություն կա, թե նախագահության նոր՝ յոթամյա ժամկետում Ալիեւը փորձելու է ԼՂ հարցում հասնել որոշակի լուծման, որպեսզի ժառանգորդն ազատ լինի այդ ծանրությունից: Բայց այդպես ենթադրում էին նաեւ Հեյդար Ալիեւի դեպքում: Բոլոր կանխատեսումները հարաբերական են: Այդուհանդերձ, թվում է՝ Ալիեւը ղարաբաղյան կարգավորման գնալու նվազագույն մտադրություն իսկ չունի: Ներկա իրավիճակը նրան լիովին ձեռնտու է: Հասարակությանը պահելով միլիտարիստական քարոզչության բարձր լարման դաշտում՝ նա չեզոքացնում է իր իշխանության ներքին սպառնալիքները, իսկ արտաքին աշխարհին ներշնչում, որ իշխանափոխության դեպքում կսկսվի լայնածավալ պատերազմ, տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները կփլուզվեն, կոմունիկացիաները կխաթարվեն եւ այլն: Ալիեւը, սակայն, այնքան հիմար չէ, որքան նրա մասին երբեմն դատում են մեզանում: Ստատուս քվոն պահպանելով՝ նա խնդիր է լուծում՝ Հայաստանի շրջափակում եւ տնտեսա-կոմունիկացիոն մեկուսացում, որը, նրա կարծիքով, ի վերջո պետք է բերի Ադրբեջանի համար ցանկալի արդյունքների: Կարծում եմ՝ այդ քաղաքականության բաղկացուցիչն է միլիտարիստական հռետորաբանությունը: Այսինքն՝ մեկը զուգակցվում է մյուսին, եւ բարձր է մնում նաեւ ռազմական էսկալացիաների հավանականությունը:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

13.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30