Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր մսամթերքը ՍԱՊԾ-ն թույլատրել է իրացնել. ՎՊ բացահայտումներ

Ապրիլ 14,2018 15:00

Վերահսկիչ պալատը, որը խորհրդարանական կառավարման անցնելուց հետո վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ, հրապարակել է 2017 թվականին որոշ ոլորտներում կատարած ստուգումների եզրակացությունները:

Ներկայացնենք գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքները, որոնք, ըստ ՎՊ-ի հաշվետվության, կարելի է աղմկահարույց համարել, քանի որ ՍԱՊԾ-ն թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք ըստ էության հանրային առողջությունն են վտանգել:
Եվ այսպես՝ օգտագործման համար վտանգավոր մսամթերքը չի ոչնչացվել եւ տրվել է անվտանգության սերտիֆիկատ: Այս առնչությամբ ՎՊ-ն արձանագրել է. «Ներմուծող ընկերության կողմից 2017 թվականի ապրիլի 2-ին ուկրաինական «Պտիցեկոմպլեկս Գուբին» ընկերությունից ներմուծված 15 տոննա սառեցված հավը ՍԱՊԾ-ն նմուշառել է եւ ուղարկել «Ստանդատ Դիալոգ» փորձաքննության: Լաբորատորիան արձանագրել է, որ ՍԱՊԾ-ի ծածկագրով նմուշառված ապրանքում հայտնաբերվել են սալմոնելաներ: Սա նշանակում է, որ տվյալ խմբաքանակի սառեցված հավը վտանգավոր է առողջության համար, ուստի այն ենթակա է, ըստ օրենքի, ոչնչացման կամ ՀՀ-ից արտահանման»: Սակայն ՍԱՊԾ-ն, ինչպես փաստում է ՎՊ հաշվետվությունը, նույն օրը այս ապրանքի խմբաքանակի համար տվել է անվտանգության սերտիֆիկատ՝ հաշվի չառնելով լաբորատորիայի եզրակացությունը: Եվ փաստորեն, վտանգավոր հավը ձեզանից շատերը հավանաբար օգտագործել են:

Ըստ ՎՊ-ի՝ հայկական ներմուծող ընկերության բրազիլական «Ագրիկոլա Զանգելս»-ից ներմուծված սառեցված հավի թեւերը ՍԱՊԾ-ն նմուշառել եւ համապատասխան ծածկագրերով ուղարկել է փորձաքննության «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա: Վերջինս հավաստել է, որ, օրինակ՝ Բ1-70 կոդով նմուշում հայտնաբերվել են սալմոնելաներ, այսինքն՝ սննդամթերքը պիտանի չէ օգտագործման համար, եւ ՍԱՊԾ որոշումով խմբաքանակը պետք է ոչնչացվեր: Լաբորատորիայի արձանագրությունից 14 օր անց ընկերությունը «էֆ Դի էյ Աաբ» լաբորատորիա է ներկայացրել պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված հավի թեւեր եւ պատվիրել սալմոնելաների հայտնաբերման փորձաքննություն: «էֆ Դի էյ Աաբ»-ի արձանագրությունով վերոնշյալ հավի թեւում սալմոնելա չի հայտնաբերվել: Սրա հիման վրա էլ ՍԱՊԾ-ն տվել է անվտանգության սերտիֆիկատ ներմուծված 26 տոննա հավի թեւիկների համար: Նման իրավիճակ է եղել նաեւ ներմուծված հավի աղացած մսի դեպքում:

Ըստ ՎՊ-ի՝ ախտահարված 25 տոննա տավարի սառեցված գլխամիսը ՍԱՊԾ-ն չի ուղարկել ոչնչացման: Ընկերության ղեկավարը դիմել է ՍԱՊԾ-ին՝ խնդրելով այդ 2 տոննա մսամթերքը օգտագործել պահածոների արտադրության մեջ, ինչը ՍԱՊԾ ղեկավարը թույլատրել է: Մինչդեռ, ՎՊ-ի զեկույցի համաձայն, տվյալ ընկերության պահածոների տեխնոլոգիական կարգի համաձայն՝ հումքը չպիտի պարունակի արդեն հայտնաբերված թունավոր նյութերը, ինչը նաեւ Մաքսային միության կանոնակարգով է սահմանված:
ՍԱՊԾ-ն, ինչպես արձանագրել է ՎՊ-ն, մի շարք ընկերություններին ներմուծված ապրանքների համար տվել է հավաստագրեր, մինչ կստանար լաբորատոր փորձաքննության արդյունքները: Օրինակ՝ Բրազիլիայից ներկրված թռչնամսի համար ՍԱՊԾ-ն ներմուծող ընկերությանը տվել է բեռի անվտանգությունը հաստատող հավաստագիր, սակայն լաբորատոր եզրակացությունը ստացվել է 11 օր անց: Նույնը կատարվել է ներմուծված 22 տոննա մարինացված վարունգի եւ 100 կգ պիստակի, 103 տոննա մսամթերքի դեպքում:

ՍԱՊԾ-ն ժամկետանց BRC սերտիֆիկատի հիման վրա տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ: Ըստ ՎՊ-ի հաշվետվության՝ ընկերությունը ամերիկյան «Պիլիգրիմ Պրայդ» ընկերությունից ներմուծել է 102 տոննա հավի սառեցված միս: Ներմուծման փաստաթղթերում ներկայացվել է BRC սերտիֆիկատ, որի գործողության ժամկետը ավարտված է եղել: Սակայն այն ընդունվել է ծառայության սահմանային տեսուչի կողմից, ինչի արդյունքում բեռի ռիսկայնությունը նվազել է, եւ մսամթերքն առանց զննման, լաբորատոր փորձաքննության թույլատրվել է ներմուծել ՀՀ:

Ըստ ՎՊ-ի՝ ՍԱՊԾ-ն չի իրականացնում վերլուծություններ եւ գործողություններ առավել ռիսկային երկրներից եւ արտադրողներից ՀՀ ներմուծվող սննդամթերքի մուտքը կանխարգելելու եւ անվտանգությունն ապահովելու համար: ՎՊ-ն օրինակ է բերում, թե ՍԱՊԾ հսկիչ կետերում այդ հարցում ինչ թերացումներ են թույլ տվել՝ ներմուծվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ 19.11.16թ. հայկական ընկերությունը ուկրաինական «Վինիդսկի պտիցիֆաբրիկա» ընկերությունից ներմուծել է 19800 կգ հավի միս, 08.11.16 անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՌԴ-ից ներմուծվել է 1000 կգ կարագ, 02.07.17թ. բելգիական «Կիկո դոմակո» ֆիրմայից ներմուծվել է հավի աղացած միս, եւ բոլոր դեպքերում էլ ներմուծվող խմբաքանակներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ խմբի մանրէներ (ԱՑԽՍ): Այսինքն՝ այս դեպքերում ՎՊ-ի հայտնաբերած խախտումները բազմաթիվ են, ամբողջը, բնականաբար, հնարավոր չէ մեկ նյութով ներկայացնել: Բայց ուշագրավ խախտումներից են, օրինակ, այն, որ պատվաստանյութերի ազդեցության ստուգման շճաբանական հետազոտություններ ՍԱՊԾ-ն չի իրականացրել: Հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, սակայն կարանտին միջոցառումներ չեն իրականացվել:
Ծառայությունը ներգրավել է փորձագետների, որոնց օրենքի խախտմամբ քաղծառայության թափուր աշխատատեղերի հաշվին վճարել է աշխատավարձ եւ պարգեւատրել է ծառայության արտաբյուջետային հաշվին: Այսինքն՝ պայմանագրային աշխատողներին վճարել են 20 միլիոն դրամ աշխատավարձ քաղծառայողների աշխատավարձի ֆոնդից:

Երեկ ՍԱՊԾ-ն ՎՊ-ի հայտնաբերած խախտումների մասին պարզաբանում է տարածել, ըստ որի՝ հավաստիացնում է՝ մեխանիզմներ են ներդնում թերությունները վերացնելու համար:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

13.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30