Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Սարգսյանը վերաքննիչ դատարանից խնդրել էր նշանակված պատիժը մեղմացնել, պայմանականորեն չկիրառել

Ապրիլ 14,2018 14:00

Սյունիքի մարզի Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի դեմ քրեական գործը, երբ հարուցվել էր, նրա խնամքին երեք անչափահաս երեխա կար եւ զինվոր մեկ տղա, որն անցյալ տարվա հունվարի 12-ից ծառայում է Քանաքեռի գնդի կապի բաժնում:
Երեկ վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավորին նրա պաշտպանը ներկայացրեց Հասմիկի որդու՝ հոսպիտալում գտնվելու, եւ քսան օր մոր խնամքի կարիքն ունենալու մասին գրությունները: Սակայն դրանք պատշաճ չէին, քանի որ չկար կնիք ու շտամպ:

Դատարան ներկայացվեց նաեւ Հասմիկ Սարգսյանի ծնողների մասին բժշկական փաստաթուղթը: Դատարանին հետաքրքրեց, թե ինչ կապ կա այս փաստաթղթի եւ Հասմիկի քրգործի հետ: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան տիկին Ասլանյանն ասաց, որ ամբաստանյալն ունի անչափահաս երեխաներ, որոնք նրա խնամքի տակ են, ու եթե ազատազրկման հետ կապված պատիժ նշանակվի, ապա երեխաները կտարվեն մանկատուն, քանի որ Հասմիկի ծնողները ի վիճակի չեն լինի նրանց խնամել: Ամուսնալուծված հոր կողմից մահացել են երեխաների պապն ու տատը:
Մի չստորագրված փաստաթուղթ էլ վերադարձրեց դատարանը՝ այն նախկին դատվածությունը, պատժի կրումն այս տարվա փետրվարին ավարտելու մասին էր: Ի դեպ, դատախազը այդ փաստաթղթերը գործի նյութերին կցելը թողեց դատարանի հայեցողությանը, սակայն հայտնեց, որ ցանկալի կլիներ, որ այդ փաստաթղթերը լինեին պատշաճ ձեւով՝ ստորագրված, կնքված:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի օր տրամադրվի, հայտնելով, որ վերոհիշյալ գրությունները ստացվել են նիստից առաջ, այդ ձեւով:

Հասմիկ Սարգսյանը, որին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, վերաքննիչ դատարանից խնդրել էր նշանակված պատիժը մեղմացնել, պայմանականորեն չկիրառելով պատիժը եւ սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածով նախատեսված փորձաշրջան: Քրեական գործը բաղկացած է 1 հատորից՝ 156 թերթ է:

Հասմիկ Սարգսյանի նկատմամբ այս պահին ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ըստ գործի նյութերի, նա 2017 թվականի հուլիսի սկզբներին տուժող Մարիետա Հովհաննիսյանի տնից գողացել էր 10 000 ՀՀ դրամ:

Զարմանալի էր, որ դատարանը չհարցրեց տուժողի մասին:

Դատարանի կողմից Հասմիկ Սարգսյանի երեխան նրա խնամքին լինելու հանգամանքի մասին նույնպես հարց տրվեց՝ Վիկտորյան ո՞ւմ խնամքին է գտնվում, չէ՞ որ ապրում է հոր հետ՝ Սյունիքի մարզի Գորհայք գյուղում, հոր՝ Է.Դանիելյանի մոտ:

Հասմիկն ասաց, որ ամուսնալուծված է, ամուսինը գտնվում է Ռուսաստանում, իսկ երեխան կարճ ժամանակ գտնվել է հոր տանը, քանի որ սովորել է տեղի դպրոցում:
Ի դեպ, անչափահաս երեխան վկայություն էր տվել, որ քույրիկի հեռախոսին զանգել է ծանոթներից մեկը, որը հայտնել էր, թե մայրը գողություն է կատարել. «Նույն օրը գնացել է Սիսիան քաղաքի իրենց տուն եւ խոհանոցում տեսել է բանջարեղենով լի երեք տոպրակ»:
Տուժող Մարիետա Հովհաննիսյանը, ով ներել է Հասմիկին, քանի որ գողացածը նա վերադարձրել է, ցուցմունք էր տվել, որ ճանաչում է Հասմիկին, ով հաճախակի է գտնվել իր տանը: Դեպքի օրը՝ անցյալ տարվա հուլիսին կողպել է տան մուտքի դուռը եւ գնացել Հացավան գյուղ: Վերադարձել է եւ նկատել, որ դռան փականը վնասված է: Անմիջապես գնացել է ննջասենյակ եւ պարզել, որ դրամապանակից 10 000 ՀՀ դրամ են գողացել: Զանգահարել է ոստիկանության Սիսիանի բաժին եւ հայտնել կատարվածի մասին: Հետագայում իմացել է, որ գողությունը կատարել է Հասմիկը:
«Նոյյան տապանում» իրավապաշտպանների մամուլի ասուլիսի ժամանակ Հասմիկն ասաց, որ իրականում ինքը չորս հազար դրամ էր գողացել, եւ որ քննիչն է այն «դարձրել» տասը հազար դրամ:

Բողոքի քննությանը մասնակցում էին «Վելես», «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպություններից, լրատվամիջոցներից, քրեական գործերով ճանաչված փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ով վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հասմիկի արարքին պետք է գնահատական տրվի ծայրահեղ անհրաժեշտություն հոդվածի համատեքստում: Այն է՝ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, եւ թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում: Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին եւ վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:

Փաստաբանն ասածը հիմնավորել էր, նշելով, որ Հասմիկին նպաստ չեն տվել, նա փորձել է գոնե հավաքարար աշխատել, չի ստացվել, եւ նա երեխաներին սովից փրկելու համար դիմել է գողության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30