Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Գեղամյանը կարեւորում է մրցույթների անցկացումը

Ապրիլ 14,2018 13:30

Ժյուրիի բազմափորձ անդամ պրոֆեսորը,
սակայն, չի բացառում կողմնակալության դրսեւորումները

Օրերս «Առավոտը» ներկա էր երաժիշտների շրջանում մրցույթների շուրջ թեժ քննարկումների: Ոմանք հավաստիացնում էին, թե մեր օրերում աշխարհում սնկի պես աճած մրցույթներին պետք չէ լուրջ վերաբերվել: Միաժամանակ փաստում էին տասնամյակներ շարունակ անցկացվող միջազգային այնպիսի խոշոր մրցույթների կարեւորությունը, ինչպիսիք են Վարշավայում 1927 թվականին հիմնված Շոպենի անվան դաշնակահարների, Փարիզում 1943-ից՝ Լոնգի եւ Տիբոյի անվան դաշնակահարների ու ջութակահարների, Բրյուսելում 1951-ից՝ դաշնակահարների ու կոմպոզիտորների, Ջենովայում 1954-ից՝ Պագանինիի անվան ջութակահարների, Մոսկվայում 1958-ից՝ Չայկովսկու անվան դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների, վոկալիստների եւ այլ նման հեղինակավոր միջոցառումների կարեւորությունը:

Հիշեցին, որ մրցույթներն անցկացվել են դեռեւս Հին Հունաստանում, Հին Հռոմում էլ շարունակվել է այդ ավանդույթը, հաղթողներն էլ կոչվել են դափնեկիրներ: Նկատեցին նաեւ, որ 18-19-րդ դարերում մրցույթների են մասնակցել Բախը, Հենդելը, Մոցարտը եւ այլ անվանիներ: Իսկ խորհրդային երաժիշտները միջազգային մրցույթների սկսել են մասնակցել 1927-ից, եւ բոլոր ժամանակներում ու այսօր էլ նպատակը մեկն է՝ հայտնաբերել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների: Բայց որ բոլոր ժամանակներում, այսօր էլ, մրցույթների ավարտից հետո՝ լինի ազգային, թե միջազգային, մշտապես երկար ժամանակ շարունակվում են դժգոհությունները:

Գայանե Գեղամյանը (աջից առաջինը)՝ «Վերածնունդի» ժյուրիում:

Մենք զրուցեցինք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ Գայանե Գեղամյանի հետ, որը միջազգային մրցույթներում ժյուրիի կազմում աշխատելու մեծ փորձ ունի՝ շուրջ 15 տարի: Մեր զրուցակիցը նախ նշեց Գյումրիում ապրիլի 5-ից մեկնարկած «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի կարեւորության մասին, որի 5 տարիքային խմբերի 21 անվանակարգերում մրցելույթներով հանդես են գալիս 37 երկրի ավելի քան 3100 անհատ կատարող ու անսամբլ:

«Յուրաքանչյուր մրցույթից հետո, այդ թվում՝ հեղինակավոր, իսկապես տարածվում է դժգոհության ալիք: Բայց անձամբ ես կարեւորում եմ թեկուզ ոչ մեծ հնչեղություն ունեցող մրցույթների, փառատոների անցկացումը, քանի որ այն ստեղծում է միջավայր ու հնարավորություն մասնակիցների համար՝ նախ գնահատելու իրենց, համեմատական անցկացնելու այլ մասնակիցների ու դպրոցների միջեւ, հասկանալու, թե ինչքանով են տեղեկացված աշխարհում այսօր տիրող կատարողական արվեստի մակարդակին: Այս առումով ողջունելի է «Վերածնունդը». եկել են Հայաստանի շրջաններից, Ռուսաստանի մարզերից, Եվրոպայից՝ ոչ միայն կենտրոններից, էլ չխոսեմ, օրինակ, հիշյալ մրցույթ-փառատոնի բացմանը Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկած ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երաժիշտների փայլուն կատարումների մասին: Չէ՞ որ սա էլ մի հնարավորություն է շփվելու բարձր արվեստի հետ»,- հայտնեց տիկին Գեղամյանը:

Մեր զրուցակցին խնդրեցինք անդրադառնալ վերջերս Իտալիայի Լոլիգո քաղաքում անցկացվող մրցույթ-ֆորումին (այս ձեւաչափով մեզ մոտ դեռեւս չի անցկացվում հանրապետական մրցույթ), որին նա հրավիրված էր որպես ժյուրիի անդամ: «Այդ միջոցառմանը մասնակիցները հանդես եկան երկու փուլով: Ինչու մրցույթ-ֆորում, որովհետեւ ժյուրիի անդամները անցկացրին վարպետության դասեր, փորձի փոխանակում, հանդես եկան նաեւ դասախոսություններով: Օրինակ, ես ներկայացրի իմ դասավանդման մեթոդը, իսկ մրցույթ-ֆորումի բացման օրը հանդես եկա մենահամերգով»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Հայտնեց նաեւ, որ Հայաստանը ներկայացնող կոնսերվատորիայի ուսանող Դիանա Գալստյանը արժանացավ երկրորդ մրցանակի: Գայանե Գեղամյանը նաեւ հիշեց 2017թ. Ղազախստանում՝ Աստանայում անցկացվող միջազգային մրցույթի մասին, որտեղ կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Արփինե Աղջոյանը ճանաչվեց լավագույնը՝ ավելի քան 50 մասնակիցների թվում:

Առաջին մրցանակի արժանացած Արփինե Աղջոյանը:

Հետաքրքրությանը, թե առաջին հերթին դժգոհության տեղիք է տալիս այն իրականությունը, որ ժյուրիի կազմում ընդգրկված դասախոսը մշտապես առաջ է մղում իր ուսանողին, Գայանե Գեղամյանը պատասխանեց. «Դա կախված է ժյուրիի նախագահի ընտրած աշխատաոճից: Եթե ժյուրին գնահատում է բալային սիստեմով, դա օբյեկտիվ է: Իհարկե, լինում են մրցույթներ, երբ ժյուրին գնահատում է «բանավոր», այսինքն՝ խորհրդակցելով»:

Իսկ թե ինչու մեզանում դեռեւս չկան, այս դեպքում՝ մեր երեւելի օպերային երգիչների, օրինակ՝ Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի կամ, ասենք՝ Գեղամ Գրիգորյանի անունը կրող միջազգային մրցույթներ, պրոֆեսորի պատասխանը հակիրճ էր՝ «դա ցանկալի կլինի, ինչու չէ՝ անհրաժեշտ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Պրոֆեսորը
Դիանա Գալստյանի հետ:

«Առավոտ»

13.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի ընթերցող,

    Ինչու են մրցույթները,

    Դրանք այսօրվա նոր տաղանդների հայտնաբերմաան ամենաերվացող միջոցներից մեկն է, ուր ընհանրապես ներկա են լինում համերգային ասպարզի ներկայացուցիչներ, որսալու համար նոր տաղանդներ: Կարող եք հարցնել բոլոր նրանց ովքեր մեծ բեմերում են, նրանք ձեզ կհաստատեն:

    Մրցույթների որակավորումը կախված է ընտրված ժուրիից, եթե նրանք ինքնին նախկին դապնեկրկր են եւ այսօր իրենց ասպարեզում համարվում են ակտիվ եւ ազտեցիկ դեմմքեր, ապա այդ մրցույթը լինում է կարեւորների շարքում:

    Հայաստանը սկսել է այդ աշխատանքին, բայց անշուշտ երկար ճանապար կա անցնելու…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30