Գյուղապետն ասում է՝ վերանորոգման ծրագիր չկա,
դպրոցի տնօրենը տեղեկացնում հակառակը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցն անմխիթար վիճակում է:
Դպրոցը ձմռան ամիսներին նորմալ չի ջեռուցվել, գույքն 80-ականների է: Շենքի անվտանգությունը եւս ապահովված չէ. յուրաքանչյուր անձ կարող է անարգել մուտք գործել կրթօջախ:
Կան մի քանի բարեկարգ դասարաններ, որոնց վերանորոգման աշխատանքները կազմակերպվել են մտահոգ ծնողների ջանքերով: Դպրոցի աշակերտների խոսքով` մի քանի տարի է՝ խոստանում են վերանորոգել իրենց դպրոցը, սակայն որեւէ փոփոխություն այդպես էլ չի լինում։
Aravot.am-ը Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ են դպրոցի վերանորոգման ծրագրեր, պարոն Պողոսանն ասաց. «Առայժմ ոչ մի ծրագիր չկա»:
Մինչդեռ դպրոցի տնօրեն Էդուարդ Ասլանյանը մեզ հետ զրույցում այլ բան տեղեկացրեց: Նա հայտնեց, որ զբաղվում է այդ գործով. «Հիմա զբաղվում ենք ջեռուցման հարցերով: Մարզպետարանն էլ է տեղյակ: Իսկ վերանորոգման աշխատանքները հավանաբար արդեն ամռանը կսկսվեն»։
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս
«Առավոտ»
13.04.2018