Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկեղեցին կանգուն է սահմանագծում՝  հավատով եւ հոգեւոր ուժով

Ապրիլ 14,2018 12:30

Հնագույն ժառանգություն ունեցող Նոյեմբերյան համայնքը հայ ժողովրդին է ներկայանում դեռեւս Ք. ա. I  հազարամյակի պատմական հուշարձաններով, կիկլոպյան ամրոցներով, միջնադարյան վանքերով, բերդերով, խաչքարերով, սրբատեղիներով, ոչ վաղ անցյալի արյունոտ էջերով ու ոտքի կանգնող գեղեցկությամբ: Քաղաքակրթության հնագույն այս օջախում, թավշյա անտառների գրկում եւ կարկաչուն գետերի հովիտներում անհիշելի ժամանակներից ապրում է մարդու մի տեսակ, որի մարտական կանչից արյունը սառչում է թշնամու երակներում, որը իր  ստեղծագործ մտքի, անսասան ուժի եւ ոգու զորության շնորհիվ ստեղծել եւ պահպանել է մշակութային ժառանգության բազմաթիվ  գլուխգործոցներ՝ ձեռագրեր, հոյակերտ եկեղեցիներ, կոթողներ, խաչքարեր, հուշարձաններ:

Այդպիսի հուշարձաններից է Ոսկեպար գյուղի VII դարի կենտրոնագմբեթ խաչաձեւ Ս. Աստվածածին եկեղեցին: Կառուցված է գյուղի հանդիպակաց բլրի թեքադիր լանջին` նույնանուն գետակի ձախ ափին: Հուշարձանը Մաստարայի տիպի եկեղեցիների փոքրաչափ օրինակներից է, կանգուն է եւ պահպանվել է ամբողջական վիճակում: Ինչպես գիտենք, Մաստարայի տիպի մնացած բոլոր եկեղեցիները գտնվում են պատմական Շիրակի սահմաններում, եւ Ս. Աստվածածնի կառուցումը Տավուշի մարզում ցույց է տալիս, որ եկեղեցական շենքերի այդ տիպը չի սահմանափակվել Շիրակի տարածքով: Ուսումնասիրությունների ընթացքում պարզեցի, որ ճարտարապետական մտքի ինքնատիպությամբ օժտված եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը հեղինակել է բանահավաք Ս. Քամալյանը, ով 1884 թ. նշել է. «Հին գիւղի արեւելակողմը՝ ձորակի եզերքին կառուցած է այս վանքը, տաճար խաչաձեւ, ներքուստ սրբատաշ քարով: Ունի կաթուղիկէ նորաշէն…»:

Եկեղեցին ինքատիպ է թե՛ ճարտարապետական, թե՛ հոգեւոր տեսանկյունից: Այս առումով հետաքրքիր նկարագրություն տվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ապրիլի 7-ին Ս. Պատարագ մատուցելու ժամանակ. «Այսօրը, երբ այս խորհրդանշական իմաստով՝ թե տարածքով, թե ընդգրկումով, թե էությամբ, թե պատմությամբ այս եկեղեցում ենք գտնվում՝ Սուրբ Աստվածամոր անունով, անընդհատ խորհում էի այս ընթացքին, թե ի՞նչ հատկանշական նմանություն կարող է լինել այս տաճարի եւ Աստվածամոր միջեւ: Ուզում էի տեսնել բնութագրական նմանությունը այս քարեղեն տաճարի (VII դարից մինչեւ մեր օրերը ձգվող) եւ Աստվածամոր անմեղ ներկայության միջեւ, եւ մեկ բան ինձ թելադրում է տեսնել հոգու աչքերով, որ ինչպես այս տաճարը, այս եկեղեցին այսօր կանգնած է սահմանագծի վրա, կարծես՝ բաժանում է մեղքը եւ արդարությունը, կարծես՝ միացնում է նաեւ երկինքն ու երկիրն իրար հետ, կարծես՝ բացի բաժանումից մեղքի եւ արդարության, այն սահմանագիծն է, որտեղ հատվում են, բախվում են բոլոր տեսակի բարիքը եւ չարիքը, լույսը եւ խավարը եւ միեւնույն ժամանակ կարող է լինել հաշտության վկայություն, այնպես էլ Աստվածամայրն է, որ երկինքն ու երկիրն են հանդիպում նրա մեջ, նրա միջոցով են բաժանվում մեղքն ու արդարությունը, լույսն ու խավարը հստակ ուրվագծվում են, եւ վերջապես նա է վկայությունը Աստծու եւ մարդու հաշտության միջեւ»:

Եկեղեցին կանգուն է սահմանագծում՝ հային վայել հպարտությամբ եւ զորությամբ, հավատով եւ հոգեւոր ուժով:

ԱՆՈՒՇԻԿ ԳԻՇՅԱՆ

ՀՊՄՀ մշակութաբանության

4-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

13.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30